Փեզեշքիան․ վերջին 40 օրում իրանցի ժողովուրդը փոխեց ուժերի համաշխարհային հավասարակշռությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանը դիմել է ժողովրդին՝ երկրի Գերագույն առաջնորդի նահատակության քառասուներորդ օրվա («Արբաին») առիթով։ Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ Փեզեշքիանն իր ուղերձում ամփոփել է աննախադեպ քառասունօրյա դիմակայության արդյունքները և բացատրել, թե ինչու է հակառակորդի կողմից Իրանի պայմանների ընդունումը պատմական հաղթանակ։
Փեզեշքիանը ընդգծել է, որ հակառակորդի պատրաստակամությունը՝ ընդունելու Թեհրանի հրադադարի պայմանները, պատահականություն չէ, այլ ժողովրդի և բանակի ինքնազոհության անմիջական արդյունք։
«Մեծ հաղթանակը, որը մենք այսօր տեսնում ենք՝ Իրանի պայմանների ընդունումը հրադադարի համար, քառասունօրյա հերոսական դիմադրության և մեր հողի համար թափված մաքուր արյան պտուղն է։ Մենք հակառակորդին պարտադրեցինք իրանցի ժողովրդի կամքը», — հայտարարել է նախագահը։
Վերլուծելով անցած ժամանակահատվածում ագրեսիայի ծավալները՝ պետության ղեկավարը նշել է, որ հակառակորդը վարել է ոչ թե սահմանափակ ռազմական գործողություն, այլ «ընդհանուր պատերազմ երկրի ապագայի դեմ»։
Հարձակումների թիրախ են դարձել ինժեներական եզակի կառույցներ, գիտական կենտրոններ և բուժհաստատություններ։
Նախագահը շեշտել է, որ պատմական ժառանգության և քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները ապացուցում են, որ «թիրախը հենց Իրանն էր՝ որպես քաղաքակրթություն»։
Փեզեշքիանը ներկայիս դիմադրությունը բնութագրել է որպես երկրի ազգային արժանապատվության պաշտպանություն՝ նշելով, որ Իրանը մշտապես նախընտրում է երկխոսության տրամաբանությունը, սակայն անսասան է իր գոյությանը սպառնացող վտանգի դիմաց։
Նախագահը առանձնացրել է երեք հիմնական գործոն, որոնք թույլ են տվել երկրին դիմակայել այս ճգնաժամային ժամանակահատվածում․
Քառասունօրյա հերոսական պաշտպանությունը, որը ցույց է տվել երկրի պատրաստակամությունը՝ դիմակայելու էսկալացիայի ցանկացած մակարդակի։
Ժողովրդի համախմբվածությունը՝ քաղաքական և կրոնական բազմազանության պայմաններում։
Կառավարությունը ապահովել է սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի անխափան մատակարարումներ՝ կանխելով ներքին ճգնաժամը։








































