Բավական է նստվածքը բարձրանա ջրի երես՝ անպատկերացնելի հրճվանք է ապրում, որ իրեն ջրաշուշանի տեղ դնող կա: Դնողն էլ՝ նույն դիրտից սերված, նույն մրուրով սնված, նույն տակուցքի հոգեզավակ մեկը, որ շատ լավ գիտի նստվածքային ծագում ունեցող բոլոր բարդույթները և արդեն ութ տարի ճարպկորեն մանևրում է դրանց արանքում:

Հանրային կյանքում ջրի երես ելած, նախընտրական քարոզարշավի այս օրերին էլ «ջրաշուշանի» դերակատարություն ստանձնած այդ զանգվածը նոր չի առաջացել: Այն եղել է միշտ՝ մարտնչող միջակությունների այդ ստվար խառնամբոխը, որ դրսևորման անարգել հնարավորություն ստացավ հատկապես 2018-ին և առայսօր շարունակում է լող տալ տղմոտ ջրերում:

Հանրության այս շերտը մշտապես եղել է երկրի թիվ մեկ նստվածքաբանի թե՛ վիրտուալ, թե՛ իրական շփումների տիրույթում և այնքան է վարժվել վերջինիս անբացակա ներկայությանը, որ ոչ մի ազատ տարածք չի թողել այլ քաղաքական դերակատարների համար: Առավել ևս, որ այդ դերակատարներն էլ քնել-քնել ու միայն վերջին ամիսներին են արթնացել՝ բաց թողնելով պոտենցիալ ընտրազանգվածի հետ աշխատելու այնքան կարևոր ժամանակահատվածը: Խոսքը «ջրաշուշանային» ընտրանգվածի մասին չէ (սրանք վաղուց սեփականաշնորհված են), այլ դեռևս կամուկացային տրամադրվածություն ունեցող հանրային շերտերի, որոնք այդպես էլ կարոտ մնացին քաղաքական լուրջ հավակնություններ ունեցողների հետ անկեղծ-անմիջական շփումների: Բլիցկրիգի ձևաչափով ընտրարշավային այս հանդիպումները կայծակնային բեկում չեն ապահովելու բուն քվեարկության ժամանակ, և ընդդիմադիր գլխավոր ֆավորիտները դա շատ լավ գիտեն: Բայց դե, «ադաթ» է, պիտի հանդիպեն վաղվա ընտրողներին, խոստումներ պիտի տան, բարեկեցություն ու ապահովություն ուրվագծեն, արժանապատիվ խաղաղության հեռանկար բացեն: Խեղճ ընտրող, արի ու կողմնորոշվիր, 19 քաղաքական ուժ, ինքը՝ մենակ. մեկը գնում, մյուսն է գալիս, մեկի ասածը ձախ ականջով մտնում, աջից դուրս է գալիս, մյուսինը՝ աջով մտնում, ձախից է դուրս գալիս, չի էլ հասցնում գլխի մի անկյունում հիմնավորվել, դառնալ կողմնորոշիչ դիրքորոշում:

Սեփականաշնորհվածներին ու չկողմնորոշվածներին որ հանենք, կմնան էն գլխից դիրքորոշվածները, այլ խոսքով՝ քաղաքականապես հասուն ընտրազանգվածը: Անկախ քարոզարշավից՝ այս մարդիկ գիտեն՝ ո՛ր ուժին են ձայն տալու և ինչու: Դժվար է նրանց ապակողմնորոշելն ու աջ կամ ձախ թեքելը. Դա գրեթե նույնն է, ինչ «ջրաշուշանը» դառնա «Ուժեղ Հայաստանի» համակիր, կամ քոչարյանականը ձայն տա սրտիկամոլ Քաղպայմանագրին:

Բոլոր դեպքերում, քարոզարշավը մեկնարկային փուլում է, և ընտրապայքարի ելած քաղաքական ուժերն էլ ստարտային ռեժիմի մեջ են դեռ: Ամեն մեկն ընտրել է իր և իր ընտրազանգվածին հարիր մարտավարություն: ՔՊ-ն, օրինակ, «փողոցային ռազբորկեքի» մակերեսին է, ինչը լիովին տեղավորվում է «փողոցով եկածը փողոցով էլ իշխանություն է պահում» տրամաբանության մեջ: Բացի այդ, սա նաև մյուսներին նետված խայծ է՝ ընտրարշավը «խուժան կռվի» վերածելու փորձ, որում իրենք մրցակից չունեն: Բարեբախտաբար, որևէ մեկն այդ խայծը դեռ կուլ չի տվել, հուսանք, ոչ էլ կուլ կտա՝ չներքաշվելով «մարտեր՝ առանց կանոնների« ընտրադմփոցի մեջ:

Ընտրությունններին էլ մնաց 23 օր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ