Ոչ միայն ՔՊ-ն, սրանց նախընտրական պաստառն էլ է մահաբեր
Քննչական կոմիտեն չի մանրամասնում՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի նախընտրական պաստառն էր պոկել քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը, ինչն էլ, փաստորեն, ողբերգական ավարտ ունեցավ նրա համար: Ասում են՝ ինքնասպան է եղել: Երեկ: Նուբարաշենի հոգեբուժարանում:
Ու թեև Քննչական կոմիտեն չի մանրամասնում, ես, օրինակ, համոզված եմ, որ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառն է եղել: Ինքներդ դատեք՝ «Ուժեղ Հայաստանի» կամ ընդդիմադիր մեկ այլ ուժի քարոզարշավային ատրիբուտի նկատմամբ Քննչականը նման սևեռուն հոգածություն կցուցաբերե՞ր՝ գործի դնելով միանգամից Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասը և «հանցագործին» տեղափոխելով համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր, այնտեղից էլ՝ Նուբարաշենի հոգեբուժարան: Եվ սա այն դեպքում, երբ նախընտրական պաստառ պոկելը ծանր քրեական հանցագործություն չի որակվում: Եթե արարքը փոքր ծավալի է և առանց լուրջ վնասի, գործը հաճախ սահմանափակվում է վարչական պատասխանատվությամբ կամ տուգանքով։ Առավել ևս, եթե զանցանքի հեղինակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ է, իսկ դա չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից, բայց այս դեպքում զարմանալիորեն վրիպել է: Միայն մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում են ձերբակալվածի մոտ հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ նկատել, հրավիրվել է շտապօգնություն, և բժշկի ցուցումով էլ ձերբակալվածը, ոստիկանների ուղեկցությամբ, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան։
Թե ինչու «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում անհրաժեշտ հսկողություն չի սահմանվել «անհավասարակշիռ վարքագիծ դրսևորած» Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ, ինչու չեն ներարկվել նյարդային համակարգը կարգավորող և էքստրեմալ գործողություններից զերծ պահող դեղամիջոցներ, դժվար է ասել: Փաստը մնում է փաստ, որ հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը ժամեր անց՝ 18։07-ին, հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմեն Հովհաննիսյանի՝ կախվելու միջոցով ինքնասպանություն գործելու մասին։
Թե ինչ հանգամանքներում է վերջինս նման ծայրահեղ քայլի դիմել, եթե, իհարկե, դիմել է, և չկա՞ն արդյոք մահվան հանգեցրած մութ իրողություններ, մենք այդպես էլ չենք իմանա: Քննչական կոմիտեն, ինչպես միշտ, «բարձր պրոֆեսիոնալիզմով» հետաքննություն կիրականացնի, ամեն ինչ կբարդի «հոգեկան անհավասարակշիռ վարքագծի» վրա, կձևակերպի որպես դժբախտ պատահար ու կփակի գործը: Մեզ կմնա ընդամենը ենթադրություններ անել ու հանգել համապատասխան հետևությունների, որոնցից գլխավորը, թերևս, այն է, որ հեռու է պետք մնալ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական պաստառներից: Կարելի էր խոշոր տառերով գրություններ էլ փակցնել դրանց կողքին՝ «Զգույշ, մահացու է» բովանդակությամբ, բայց խորհուրդ չէի տա. հղի է շատ կանխատեսելի հետևանքներով: Մեկ է, հունիսի 7-ից հետո էդ բոլոր պաստառներն էլ մոտակա աղբարկղն են նետվելու:







































