Հետընտրական շրջանի ամենամեծ վտանգը ընտրություններում պարտությունը կամ հաղթանակը չէ։ Ամենամեծ վտանգը ժամանակ կորցնելն է, երբ մենք իրար ենք վիրավորում և տեղում դոփում, իսկ մեր պետության թշնամինները զինվում ու հզորանում։

Տարիներ շարունակ Հայաստանում քաղաքականությունը կառուցվել է ոչ թե գաղափարների մրցակցության, այլ մարդկանց մարգինալացնելու, պիտակավորելու և քաղաքական դաշտից դուրս մղելու տրամաբանության վրա։ Ով այլ կարծիք ունի, պետք է արժեզրկվի։ Ով համաձայն չէ, պետք է ներկայացվի որպես թշնամի։ Ով նոր քաղաքական խոսք է առաջարկում, պետք է լռեցվի կամ ծաղրվի։

Այս մտածողությունը դարձել է մեր քաղաքական մշակույթի ամենավտանգավոր ժառանգություններից մեկը։

Այսօր նույն վարքագիծը կարելի է տեսնել գրեթե բոլոր կողմերում։ Հանրային դեմքեր, բլոգերներ, քաղաքական գործիչներ, անգամ նրանք, ովքեր իրենց ընդդիմություն են համարում, հաճախ ընտրում են ոչ թե փաստարկը, այլ վիրավորանքը, ոչ թե գաղափարը, այլ պիտակավորումը։ Քաղաքական հակառակորդին այլևս չեն փորձում հաղթել գաղափարով, այլ փորձում են ոչնչացնել բարոյապես։

Սակայն ամենավտանգավորն այն է, որ այդ ճանապարհով նրանք ոչ միայն միմյանց են վնասում, այլ նաև այրում են այն կամուրջները, որոնց վրա վաղը պետք է կառուցվի ազգային համախմբումը։ Երբ քաղաքական հակառակորդը վերածվում է թշնամու, հասարակությունն էլ սկսում է բաժանվել անհաշտ ճամբարների։ Այդտեղ ավարտվում է քաղաքականությունը և սկսվում է հասարակության ներքին քայքայումը։

Իշխանության մասին այս անգամ երկար չեմ խոսելու։ Այս իրավիճակի ձևավորման գլխավոր պատասխանատվությունն առաջին հերթին հենց իշխանության վրա է։ Սակայն եթե իշխանությանը քննադատողները նույնպես սկսում են խոսել նույն ատելության լեզվով, կիրառել նույն քաղաքական տեխնոլոգիաները և վերարտադրել նույն մշակույթը, ապա նրանք դադարում են իրական այլընտրանք լինելուց։

Այսօր հազարավոր քաղաքացիներ արդեն չեն հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ այն ընդդիմությանը, որը տարիներ շարունակ ներկայացվում է որպես իշխանության հակակշիռ։ Եվ դա պատահական չէ։ Մարդիկ հոգնել են կեղծ հակադրություններից, անվերջ բեմադրվող քաղաքական բախումներից և այն զգացողությունից, որ, անկախ նրանից, թե ով է իշխանության կամ ընդդիմության դերում, վերջում միշտ շահում է նույն քաղաքական համակարգը, իսկ պարտվում՝ ժողովուրդը։

Իսկ երբ ժողովուրդը կորցնում է վստահությունը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության նկատմամբ, դա արդեն առանձին քաղաքական ուժի խնդիրը չէ։ Դա պետության անվտանգության խնդիր է։

Հայաստանին այսօր անհրաժեշտ չէ հերթական նշանակովի ընդդիմությունը։ Հայաստանին անհրաժեշտ է իրական ընդդիմափություն՝ մարդիկ, որոնք սկզբունքային են, պատասխանատու են, ազգային շահին հավատարիմ և քաղաքականապես անկախ։ Ընդդիմափոխություն և լիդերներ, որոնք չեն մասնակցի կեղծ քաղաքական ներկայացումների, չեն կառուցի իրենց գործունեությունը ատելության վրա և երբեք ժողովրդի վստահությունը չեն դարձնի անձնական կամ խմբային շահերի գործիք։

Իշխանությունները փոխվում են։ Ընդդիմությունները նույնպես փոխվում են։ Բայց եթե քաղաքական մշակույթը չի փոխվում, եթե շարունակվում է նույն մտածողությունը, նույն փոխադարձ ատելությունը և նույն համակարգային վարքագիծը, ապա անունների փոփոխությունը պետության համար ոչինչ չի փոխելու։

Հայաստանին այսօր անհրաժեշտ են նոր դեմքեր, բայց էլ ավելի շատ անհրաժեշտ է նոր քաղաքական մտածողություն։ Քաղաքականություն, որտեղ գաղափարները կարևոր են մարդկանցից, պատասխանատվությունը՝ ամբոխահաճությունից, իսկ պետական շահը՝ կուսակցական շահից։

Իմ քաղաքական պայքարը երբեք չի եղել որևէ անձի դեմ։ Իմ պայքարը եղել և մնալու է այն քաղաքական մշակույթի դեմ, որը բաժանում է ժողովրդին, այրում է համագործակցության բոլոր կամուրջները, մարգինալացնում է այլ կարծիք ունեցողիներին և պետությունը դարձնում է քաղաքական և անձնական շահերի պատանդ։

Որովհետև հզոր և հարատևող պետությունը կառուցվում է ոչ թե ներսում փոխադարձ ոչնչացմամբ, այլ իրական քաղաքական պատասխանատվությամբ։ Իսկ այն օրը, երբ Հայաստանում կձևավորվի իրական քաղաքական մրցակցություն՝ գաղափարների, արժեհամակարգերի և պետական ծրագրերի շուրջ, այդ օրը կսկսվի ոչ միայն նոր իշխանության, այլև նոր Հայաստանի պատմությունը։

Շուտով սկսվելու է նոր և ոչ լեգիտիմ ԱԺ աշխատանքը, որը ևս մեկ անգամ կապացուցի, որ բացի իրար վիրավորելուց գործող քաղաքական համակարգը որևէ այլ պոտենցիալ չունի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ