ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հինգշաբթի հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դառնում է անվերահսկելի:
«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Մենք գտնվում ենք մի իրավիճակի շեմին, ինչն ավելի վաղ աներևակայելի էր թվում»,- ըստ EFE գործակալության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Գուտերեշը:
Նա կրկին կոչ է արել կարգավորմանը հասնել դիվանագիտության, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով:
Գործակալությունը նշում է, որ նրա խոսքերը հնչել են Մերձավոր Արևելքում լարվածության աճի, մասնավորապես՝ եմենցի հութիների գործողությունների ակտիվացման հետնապատկերին:
Այս շաբաթ հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ ի պատասխան Եմենի նավահանգիստների շրջափակման և Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման: Երեքշաբթի հութիները հայտնել են, որ իրենց հայտարարած ծովային շրջափակումը տարածվում է ոչ միայն թագավորության հետ կապված նավերի, այլև դեպի սաուդյան նավահանգիստներ և այնտեղից ընթացող ամբողջ ծովային տրանսպորտի վրա:
Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ն արագացված կարգով զորքեր, բուժանձնակազմ և սպառազինություն է տեղափոխում Մերձավոր Արևելք, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրի ավելի հզոր ռազմական կարողություններ՝ Իրանի հետ հակամարտության ընդլայնման դեպքում:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































