Թրամփը սպառնացել է վերակենդանացնել 1,8 մլրդ դոլարի վիճահարույց հիմնադրամը, եթե Սենատը չհաստատի իր թեկնածուին գլխավոր դատախազի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրկին առաջ մղել գրեթե 1,8 միլիարդ դոլարի վիճահարույց հիմնադրամի ստեղծումը, եթե Սենատը չհաստատի իր թեկնածու Թոդ Բլանշին ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում։
Թրամփը հայտնել է, որ Բլանշին կպահի արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնում և կվերսկսի այսպես կոչված «պետական ինստիտուտների քաղաքական օգտագործման դեմ հիմնադրամի» ընդունմանը հասնելու փորձերը, եթե հանրապետական սենատորներ Թոմ Թիլիսը և Ջոն Քորնինը շարունակեն արգելափակել թեկնածության քվեարկությունը։
Ավելի վաղ երկու սենատորներն էլ հրաժարվում էին աջակցել Բլանշին՝ պահանջելով գրավոր երաշխիքներ, որ հիմնադրամն այլևս չի ստեղծվի։ Խոսքն այն ծրագրի մասին է, որը մայիսին հայտարարվել էր Թրամփի՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության և ֆինանսների նախարարության դեմ հայցի շուրջ համաձայնագրի շրջանակում։ Դրա քննադատները նախաձեռնությունն անվանում էին քաղաքական հիմնադրամ՝ փոխհատուցումներ վճարելու համար այն մարդկանց, որոնք պնդում են, թե դարձել են քաղաքական հետապնդման զոհ։
Շաբաթ օրը Թրամփը նախ հայտարարել էր, որ հիմնադրամի նախագիծը «հանվել է օրակարգից», սակայն հետո սպառնացել էր վերադարձնել այն, եթե Բլանշի թեկնածությունը չհաստատվի։
«Թոդ Բլանշը բանականության ձայնն է։ Հիմնադրամն անմիջապես կրկին կհայտնվի սեղանին, և ես կհասնեմ դրա ընդունմանը», — գրել է նախագահն իր Truth Social սոցիալական ցանցում։
Թիլիսը պատասխանել է նախագահի հայտարարությանը՝ մեղադրելով նրան այն ծրագիրը կրկին առաջ մղելու մտադրության մեջ, որին դեմ են հանդես գալիս բազմաթիվ հանրապետական սենատորներ։
Միաժամանակ նա նշել է, որ Բլանշին համարում է որակյալ թեկնածու և հույս ունի կարգավորել իրավիճակը մինչև հաջորդ քվեարկությունը։
Ինքը՝ Բլանշը, ավելի վաղ Սենատում լսումների ժամանակ հայտնել էր, որ հիմնադրամը «մեռած է» և չի իրականացվելու։ Նրա խոսքով՝ բյուջեից միջոցների որևէ փոխանցում չի կատարվել, տեղեկացրել է CBS News-ը։
Սենատի դատական կոմիտեում Բլանշի թեկնածության քվեարկությունը նշանակված է երեքշաբթի օրը։ Հանրապետական ղեկավարությունը ձգտում է հասնել նրա հաստատմանը մինչև Կոնգրեսի օգոստոսյան արձակուրդների սկիզբը։
Թրամփի նախաձեռնության հակառակորդները, այդ թվում՝ դեմոկրատներն ու մի շարք հանրապետականներ, հիմնադրամն անվանում էին «քաղաքական դրամարկղ» և հայտարարում էին, որ վարչակազմն իրավունք չունի պետական միջոցներն ուղղել Կոնգրեսի կողմից չհաստատված վճարումների համար։







































