Իրանը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել «բոլոր առկա միջոցները»՝ ԱՄՆ-ից պաշտպանվելու համար
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է օգտագործել «բոլոր առկա միջոցները»՝ իր ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, որոնք, իրանական կողմի վարկածով, խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը և Իրանում ու նրա սահմաններից դուրս գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2(4) հոդվածի «կոպիտ խախտում» են, որն արգելում է ուժի սպառնալիքն ու դրա կիրառումը։
Իրանի ԱԳՆ-ն նաև քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հայտարարելով, որ այն տեղի ունեցողի պայմաններում անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել, հաղորդում է Mehr-ը։
Գերատեսչությունը ներկայիս իրավիճակը համեմատել է իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Անվտանգության խորհրդի անգործության հետ, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններն անվանել է «անորոշ և երկիմաստ»։
Թեհրանի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ի գործողությունները վերջին 15 ամիսների ընթացքում համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրության 39-րդ հոդվածի բոլոր երեք չափանիշներին, որը նախատեսում է Անվտանգության խորհրդի միջամտություն խաղաղությանը սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի դեպքում։
Իրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին հունիսի 18-ի հրադադարի ռեժիմը նախապես ծրագրված կերպով խախտելու մեջ։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հուլիսի 5-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան ֆրեգատները բազմիցս ուղեկցել են խոշոր նավթատար և գազատար նավերի, իսկ ամերիկացի զինվորականները, իբր, օգտագործել են առևտրային նավերը անձնակազմ և ռազմական տեխնիկա տեղափոխելու համար։
Թեհրանի հայտարարության համաձայն, նավերի վրա հետևման համակարգերի անջատումը անհրաժեշտ էր՝ դրանց տեղաշարժերը իրանական զինված ուժերից թաքցնելու համար։
Բացի այդ, գերատեսչությունը պնդում է, որ ԱՄՆ-ն որպես նոր հարվածների ալիքի պատրվակ օգտագործել է երեք նավերի հետ կապված միջադեպերը, որոնք, ինչպես հայտարարում է Թեհրանը, անցել են Հորմուզի նեղուցով «չարտոնված և վտանգավոր» երթուղով։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Իրանը «թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ» և ձգտում է բարեկամական հարաբերություններ պահպանել Պարսից ծոցի հարևան պետությունների հետ։
Միևնույն ժամանակ Թեհրանը նախազգուշացրել է, որ Իրանի դեմ հարձակումների համար տարածք կամ ենթակառուցվածք տրամադրելը կարող է դիտվել որպես ագրեսիայի ակտ՝ ՄԱԿ-ի սահմանման համաձայն։
Եզրափակելով՝ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը կշարունակի «վճռականորեն պաշտպանել ազգային արժանապատվությունն ու անկախությունը» այն բանից, ինչ գերատեսչությունում անվանել են «ամերիկա-սիոնիստական կոալիցիա»։









































