Լավրովը նշել է Եվրոպայում գազի ճգնաժամի պատճառները
Եվրահանձնաժողովի եւ ԱՄՆ գործողությունները «Հյուսիսիային հոսքի» հանդեպ Եվրոպայում գազի ներկա ճգնաժամի պատճառներից է, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Չմոռանանք, որ երբ կառուցվում էին «Հյուսիսային հոսք-1-ն» ու «Հյուսիսային հոսք -2-ն», Եվրահանձնաժողովն անում էր ամեն ինչ, որպեսզի հետին թվով տարածի այդ գազատարներին ներկայացվող Երրորդ էներգետիկ փաթեթի պահանջները՝ հակառակ ԵՄ իրավաբանների պաշտոնական կարծիքի, որ այդ գազատարը պետք է հանվի Երրորդ փաթեթի պահանջներից, որովհետեւ բոլոր ներդրումներն արվել էին մինչեւ Երրորդ էներգանախագծի հավանության արժանանալը»,- ասել է Լավրովը Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի (ԵԲԱ) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նրա գնահատմամբ՝ «դա այն բանի պատճառներից մեկն էր, որ ՀՀ-1-ի հզորությունները օգտագործվում են միայն 50 տոկոսով, եւ նույնը լինելու է «ՀՀ-2-ի հզորությունների հետ»։ Նախարարը հիշեցրել է նաեւ «ներկա վիճակի այնպիսի պատճառի մասին, ինչպիսին է ԱՄՆ հզոր ճնշումը բոլոր հետագա տարիներին... այդ թվում եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության վրա, որին ուղղակի ստիպում էին հրաժարվել ռուսական խողովակաշարային գազը գնելուց, դրա փոխարեն կառուցել տերմինալներ ամերիկյան հեղուկացված բնական գազի ընդունման համար»։ Հիմա, երբ այդ տերմինալները Գերմանիայում եւ այլ երկրներում կառուցվել են, իսկ գազի գները՝ բարձրացել, «ամբողջ հեղուկացված գազը գնացել է Ասիա եւ Լատինական Ամերիկա», նշել է Լավրովը։ «Սա ի՞նչ է, մի՞թե գործոն չէ, որը ազդել է ներկա իրավիճակի վրա»,- հիշեցրել է նա։
Նրա խոսքով՝ «Գազպրոմ» ընկերությունը կատարում է իր բոլոր պարտավորությունները Եվրոպային գազի մատակարարման գործում, Մոսկվան պատրաստ է օգնել եվրոպական երկրներին էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու հարցում։ «Կցանկանայի հերթական անգամ հիշեցնել. «Գազպրոմը» նախկինի պես գազ է մատակարարում Եվրոպային երկարաժամկետ պայմանագրերի համաձայն, իր բոլոր պարտավորությունները «Գազպրոմը» կատարում է, ընդ որում՝ ոչ միայն լրիվ ծավալով, այլեւ գերազանցումով։ Մենք պատրաստ ենք օգնել Եվրոպային հաղթահարել այս ճգնաժամը»,- ասել է Լավրովը։
Եվրոպայում գազի գները կտրուկ բարձրացել են վերջին ամիսներին։ Օգոստոսի սկզբից մինչեւ սեպտեմբերի վերջ դրանք գրեթե կրկնակի թանկացել են։ Պատմական առավելագույնը գրանցվել է հոկտեմբերի 6-ին՝ 1937 դոլար հազար խորանարդ մետր գազի համար, ինչից հետո ֆյուչերսների գները սկսեցին նվազել։ Ինչպես նշում էին փորձագետները, գազի ֆյուչերսների գների աճը Եվրոպայում կապված էր մի քանի գործոնների հետ՝ գազի եվրոպական ստորգետնյա պահեստարանների հագեցածության ցածր մակարդակի, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակման եւ Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկի։