ՍԴ-ն զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի չափերը բարձրացնելու մասին Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան
Սահմանադրական դատարանը հրապարակել է Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը։
Ըստ այդմ, ՍԴ-ն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանդրությանը։ Որոշման մեջ նշվում է, դույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին: Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:
Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու: Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները:
Արմեն Սարգսյանը չէր ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Այն ընդունվեց ձայների 76 կողմ, 40 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո զրպարտության փոխհատուցման չափ կսահմանվի նվազագույն աշխատավարձից մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամ։