Գիտնականները համեմատել են Ասիայի եւ Եվրոպայի բնակիչների դեպրեսիայի ռիսկերը
Գիտնականների միջազգային խումբը վերլուծել է Արեւելյան Ասիայի 194 500 բնակիչների դեպրեսիայի գենետիկական ռիսկերը եւ դրանք համեմատել եվրոպացիների տվյալների հետ, տեղեկացնում է MedicalXPress-ը:
Ինչպես նշել են գիտնականները, հատուկ գեները մեծացնում են դեպրեսիայի զարգացման ռիսկը: Սակայն այս գեները տարբերվում են՝ կախված այն բանից, թե որ էթնիկ խմբին է պատկանում մարդը: Օրինակ, արեւելաասիական ծագումով մարդիկ, ովքեր մարմնի քաշի ավելի մեծ զանգված ունեն, ավելի քիչ հավանական է, որ դեպրեսիա ունենան, քան եվրոպացիները:
«Մենք զարմացանք՝ տարբերություններ հայտնաբերելով եվրոպացիների եւ Արեւելյան Ասիայի բնակիչների դեպրեսիայի հետ կապված գեների միջեւ»,- ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջից Կարոլին Կուչենբեքերը՝ հավելելով, որ բուժման նոր մեթոդներ մշակելիս պետք է հաշվի առնել դա:
«Թեեւ դեպրեսիան շատ տարածված հիվանդություն է, մենք դեռեւս քիչ բան գիտենք դրա պատճառների մասին: Բացահայտելով դեպրեսիայի հետ կապված գեները՝ մենք կարող ենք ավելի լավ հասկանալ հիվանդության մեխանիզմները, եւ շատ կարեւոր է ուսումնասիրել դեպրեսիայի գենետիկան աշխարհի բոլոր շրջաններում»,- նշել է հետազոտության համահեղինակ Քեթրին Լյուիսը:
News.am