ՆԱՏՕ-ն առայժմ ծանուցումներ չի ստացել Ռուսաստանի կողմից՝ առաքելությունների աշխատանքը դադարեցնելու մասին
ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ դիվանագիտական առաքելությունների փոխադարձ փակման մասին, սակայն առայժմ պաշտոնական ծանուցումներ չի ստացել ՌԴ-ից:
«Մենք ի գիտություն ենք ընդունել նախարար Լավրովի հայտարարությունները ԶԼՄ - ների համար, սակայն մենք դեռեւս պաշտոնական ծանուցումներ չենք ստացել արծարծված հարցերի վերաբերյալ»,-հայտարարել են դաշինքի մամուլի ծառայությունում՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման՝ մեկնաբանելով նոյեմբերի 1-ից Բրյուսելում ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության եւ ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի եւ Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության փակման մասին ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը:
Բելգիայում Ռուսաստանի դեսպանատանը, որի վրա, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, նոյեմբերի 1-ից կդրվեն ՆԱՏՕ-ի հետ հաղորդակցությունների ապահովման բոլոր գործառույթները, ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից: «Այս թեմայի շուրջ անհրաժեշտ բոլոր հայտարարություններն արդեն հնչեցվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի եւ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Վիկտորովիչ Գրուշկոյի կողմից», - ՏԱՍՍ-ին հայտնել են դեսպանատնից:
Ինչպես նոյեմբերի 1-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանը որոշել է նոյեմբերի 1-ից դադարեցնել ՆԱՏՕ-ին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը՝ ի պատասխան առաքելության ութ աշխատակիցների հավատարմագրումից զրկելու որոշմանը: Նաեւ կդադարեցնեն աշխատանքը Բելգիայի դեսպանատանը կից ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն եւ Մոսկվայում կապի ռազմական առաքելությունը, հայտնել Է նախարարը:
Նրա խոսքով՝ եթե Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչների մոտ «որևէ հրատապ գործ առաջանա», նրանք կարող են դիմել Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին: Նախարարն ընդգծել է, որ ՌԴ-ն այլեւս անհրաժեշտություն չի տեսնում «շարունակել ձեւացնել, թե դաշինքի հետ հարաբերություններում տեսանելի ապագայում հնարավոր են որևէ փոփոխություններ»: