Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան․ նոր ցուցահանդես` Երևանի պատմության թանգարանում
Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
90 տարվա ընթացքում թանգարանում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների բացառիկ գործեր։ Ցուցադրությունն առանձնանում է 19-20-րդ դարերի թվագրվող նախշազարդ գոտիներով ու ապարանջաններով։
Դրանց աշխարհագրությունն Արևմտյան Հայաստանից ու Արցախից հասնում է մինչև Իրան, Հնդկաստան և անգամ Չինաստան։ Զարդերից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ խորհուրդ։ Շուշիի ոսկեջուր ճարմանդն, օրինակ, ընտանիքի կանայք կրել են պտղաբերության համար։
Զարդերը պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ։ Դրանց մի մասն ունի արծաթագործ վարպետի կնիք:
Ցուցադրված են նաև սպասք և ծիսական առարկաներ, այդ թվում ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդերից:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2022թ. փետրվարի 28-ը:
Tert.am