Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ բացվեցին կաթի վերամշակման լաբորատորիա եւ պանրի մառան
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կոլբա լաբի «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի եւ ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 արձագանքման եւ վերականգնման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով ՔՈՎԻԴ-19 հետեւանքների վերականգնման ջանքերին» համատեղ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Բացման եւ շնորհակալական խոսքով հանդես եկավ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղեկացմամբ՝ «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով ՔՈՎԻԴ-19 հետեւանքների վերականգնման ջանքերին» ծրագրի նպատակն է՝ օգնել հաղթահարելու աշխատաշուկայում առկա մարտահրավերները, խթանել ինքնազբաղվածության հնարավորությունները, նպաստել, որպեսզի մարզերում բնակվող կանայք ու երիտասարդներն առավել հեշտ մուտք գործեն շուկա։
Նաթիա Նացվիլիշվիլին ողջունեց նախաձեռնությունը եւ ընդգծեց լաբորատորիայի նշանակությունը համայնքի տնտեսական զարգացման գործում, առանձնացրեց արդյունավետ եւ շարունակական համագործակցությունը ՄԱԶԾ-ի, նախարարությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ։
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսեց Հայաստանում ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի կարեւորության մասին, որոնք ուղղված են մարզերում կայուն զարգացման խթանմանն ու ամրապնդմանը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ կառավարությանը եւ ՄԱԶԾ-ին և նշեց, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է թիրախային ու բովանդակային առումներով։ «Ծրագիրն ունի թե՛ կրթական, թե՛ արտադրական նշանակություն, այն շատ պահանջված է Գեղարքունիքի մարզի կայուն զարգացման, տնտեսական ակտիվության, նոր աշխատատեղերի ստեղծման առումներով»,-նշեց նա։
Ծրագրի կրթական նշանակության մասին խոսեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւս, շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրականացնող կողմերին, շեշտեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը կաջակցի բոլոր այն ծրագրերին, որոնք նպաստելու են մարզի կրթական, գյուղատնտեսական, արտադրական, զբոսաշրջային կարողությունների զարգացմանը, կյանքի որակի բարելավմանը։
Հանդիսավոր արարողությունից հետո ներկաներն այցելեցին նորաստեղծ կաթի վերամշակման լաբորատորիա, ծանոթացան անհրաժեշտ սարքավորումներով հագեցած լաբորատորիայի հնարավորություններին, ականատես եղան քոլեջի ուսանողների կողմից ցուցադրվող պանրի պատրաստման վարպետաց դասին:
Նույն օրը հյուրերն այցելեցին նաեւ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս, որտեղ ներկա գտնվեցին Միքայելյանների պանրի մառանի՝ Գաստրո բակի պաշտոնական բացման արարողությանը:
Ինչպես ներկայացրեցին ծրագրի եւ բիզնեսի պատասխանատուները, Միքայելյանների Գաստրո բակն արդեն ճանաչվում է իր պանրի մառանով: Այստեղ արտադրվում եւ սպառման է ներկայացվում ավելի քան 10 տեսակի պանիր, որոնցից են՝ «Պարմեզան» պանրի հայկական «Արմեզան» տարբերակը,կոնյակի եւ գինու մեջ պատրաստված ու խաղողի տերեւի մեջ փաթաթված պանիրը, այլ տեսականիներ։ Այստեղ պատրաստվում է նաև հայկական ինքնատիպ խամոն՝ ոսկորով խոզապուխտ: Գաստրո բակը հանդիսանում է Միքայելյանների ընտանեկան բիզնեսը, որը հիմնադրվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ եւ ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից: Գործունեության մեկնարկից ի վեր Գաստրո բակն ընդունել է 2000-ից ավելի հյուրեր եւ զբոսաշրջիկներ:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իրենց խոսքերում նշեցին, որ նմանատիպ զբոսաշրջային վայրերը շատ պահանջված են գյուղական բնակավայրերում կյանքի որակի բարելավման, զբոսաշրջության ոլորտի եւ համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից:
Գեղարքունիքի մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին՝ իրականացված ծրագիր համար եւ հույս հայտնեց, որ այսպիսի բիզնես գաղափարները կյանքի կոչվելու դեպքում ստեղծում է շղթայական ազդեցություն մարզի տնտեսությունների զարգացման համար:
Lragir.am