Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է: «Բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների՝ տարածքից հեռացումն է»,- ընդգծում է օմբուդսմենը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, ՄԻՊ արձանագրում-ահազանգի վերաբերյալ փորձեց Սյունիքի մարզպետարանից մեկնաբանություն ստանալ, մեր փորձերը, սակայն, ապարդյուն անցան: Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մինչեւ աշխատանքային օրվա ավարտն անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին: Մարզպետարանի՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը համակարգող ու այս պահին արձակուրդում գտնվող աշխատակիցը հորդորեց գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ կապ հաստատել: Մարտիրոսյանը, պարզվեց, դժգոհ է, որ Թաթոյանի արձանագրումների հետ կապված իրենցից մեկնաբանություն ենք խնդրում: «Այդ մասին չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ»,- նշեց նա:
Մեր դիտարկմանը, թե գործընկերն է ուղղորդել, որ իրեն դիմենք, լակոնիկ պատասխանեց. «Լավ չի արել, էլի»: Խնդրանքին՝ ուղղորդել, թե ինչպես, կապի ինչ միջոցով կարող ենք զրուցել մարզպետ Պողոսյանի հետ, մարզպետարանի գլխավոր քարտուղարը խիստ ավանդական ձեւով արձագանքեց. «Չեք կարող, հարցերը գրավոր ուղարկե՛ք»:
Lragir.am