Զինված ուժերում նշանակումները եղել են ոչ թե գիտելիքների սկզբունքով, այլ լոյալությամբ. Ռոբերտ Քոչարյան
Զինված ուժերում նշանակումները եղել են ոչ թե մասնագիտական հատկանիշների կամ գիտելիքների սկզբունքով, այլ լոյալությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս վերջին նշանակումներն ուղղակի ապշեցնող են։ Կամ բացարձակապես հարցին չտիրապետելու հարց է, կամ բանակի գիտակցված քայքայման գործընթացի շարունակություն։ Ո՞րն է այս երկուսից։ Կամ միգուցե երկուսն էլ միասին»,- ասել է Քոչարյանը։
Նրա տպավորությամբ՝ այդ մարդկանց կառավարման վահանակն ուրիշ տեղ է. «Եթե մտածեին երկրի ու բանակի մարտունակության մասին, այսպիսի քայլեր ու նշանակումներ չէին անի»։
Երկրորդ նախագահը նշել է, որ ամենավտանգավոր կրճատումներ եղել են մինչեւ պատերազմը, վերջին մեկ տարվա ընթացքում. «Կրճատել են զորամասեր, որոնք կարող են մոբռեսուրս ընդունել եւ շատ արագ մարտունակ զորամաս դառնալ։ Իսկ պատերազմի ժամանակ մոբռեսուրսը տանելու տեղ չունեին։ Պետք էր զրոյից զորամիավորում ստեղծել, որն էլ միանգամից պետք է հայտնվեր պատերազմի դաշտում։ Դա է նաեւ մեր այսքան զոհերի պատճառը։ Պետք է հասկանալ՝ ինչի համար են դա արել․ գիտելիքի պակա՞սն էր թե՞ բանակի միտումնավոր քայքայումը»։