Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպը ճանաչվել է տարվա լավագույն գեղարվեստական գիրք
Ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում: Մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կարմիր»-ը մեր երկրից միակ գիրքն է եղել, որը մասնակցել է միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։ Այն հաղթել է ընթերցասերների քվեարկության արդյունքում:
«Շատ ուրախ եմ, որ «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»: Ու քանի որ այն ամբողջ մրցույթում հարյուրավոր գրքերի մեջ միակն էր Հայաստանից, այսօր կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին՝ վստահությամբ, որ մի բան արեցի Հայաստանի համար: Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին, որոնց օգնությամբ տեղի ունեցավ այս հաղթանակը»,- նշում է Հովիկ Աֆյանը։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
«Կարմիրը» գրքում հեղինակն ընդգծում է՝ պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
Այս գիրքը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:
Armeniatoday.news