Կառավարությունը 2019 թ. օրենքով չեղարկել էր բեռնատարներից ճանապարհային հարկ գանձելը, բայց մինչ օրս գանձում է
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց մի որոշում, որով ինքն իրեն պատավորեցրեց Հայաստանում գրանցված բեռնատարերի վարորդներին վերադարձնել ապօրինի գանձած ճանապարհային հարկերը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2019 թվականի հունիսի 25-ին ԱԺ-ն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է, որ Հայաստանում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը 2019 թվականի հունվարի 1-ից այլևս չի համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտ:
Ըստ նախագծի հիմնավորման մեջ բերված ուսումնասիրության՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխության կատարումը որոշ հարկ վճարողների կողմից արդեն իսկ վճարված է եղել, իսկ 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում որոշ հարկ վճարողների կողմից շարունակվել է վճարվել այդ ճանապարհային հարկը:
Գործադիրը նաև նշել է, որ այդ գումարները վերադարձնելու առումով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշմամբ լիազոր մարմինը հստակ չէ:
Կառավարությունը ընդունած որոշումով սահմանեց, որ խնդրո առարկա գումարները վերադարձվում են Ֆինանսների նախարարության կողմից դրանք վճարած հարկ վճարողներին՝ առանց որևէ ուսումնասիրության:
Որոշման նախագծում ասվում է «2019, 2020 և 2021 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանց-ված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի գումարների հաշվառումն ապահովող գանձապետական հաշվին փոխանցված գումարները այդ գումարները փոխանցած հարկ վճարողներին վերադարձվում են գումարները հետ ստանալու դիմումը Ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Գումարները հետ ստանալու համար ներկայացված դիմումի մեջ պարտադիր նշվում են հարկ վճարողի հաշվառման համարը, տեղեկություններ վճարված գումարի և վճարման ամսաթվի վերաբերյալ, ինչպես նաև հարկ վճարողի բանկային հաշվի համարը, որին ենթակա են վերադարձման սույն կետով նշված գումարները»:
Panorama.am