Կառավարությունը հաջորդ տարվա համար 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում է ներկայացնում
Կառավարությունը հաջորդ տարվա համար 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում է ներկայացնում։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց․ «Անելու ենք ամեն բան, որ այդ 7 տոկոսն իրականություն դառնա։ Նաև ամեն ինչ անելու ենք, որ 9 տոկոսի ձգտենք»։
«Մենք չենք ասել, որ 7 տոկոս տնտեսական աճն ինքն իրեն է լինելու։ Մենք ասել ենք, որ եկող տարվա համար ունենք առանձնահատուկ գործիքակազմ, որի առաջին կետը գրեթե կրկնակի՝ 60 տոկոսը գերազանցող կապիտալ ծախսերի ավելացումն է լինելու, այդ թվում՝ այնիպիսի ուղղություններում, որոնք ենթակառուցվածքային են և երկարաժամկետ առումով աճի պոտենցիալ են ավելացնելու։ Կարճաժամկետ առումով պետք է հղում անեմ մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերին և վստահեցնում եմ, որ այդ պլանների իրագործումը մասնավոր հատվածում նույնպես տնտեսական ակտիվություն խոստացող զարգացում է։ Մենք եկող տարվա ընթացքում, եթե ունենանք որոշակի դժվարություններ, ռիսկեր, դրանք առաջին հերթին համարում ենք այն գործոնով պայմանավորված, որ կորոնավիրուսի հետևանքով աշխարհում տեղի ունեցող երևույթները ավարտված չեն։ Հույս ունենք, որ դրանք կառավարելի կմնան։ Եթե ամեն ինչ սահուն գնա, ապա մենք հավատում ենք, որ մեր կողմից իրականացվող կանխատեսումները շատ իրատեսական են»,- ասաց նա։
Մյուս գործոնն, ըստ Խաչատրյանի, պղնձի միջազգային գներն են, հույս կա, որ դրանք կշարունակեն տնտեսության համար արտաքին բարենպաստ միջավայր ստեղծել։
Lragir.am