Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներն անդրադարձել են ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի օրակարգին։

Արարատ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը՝ հիմնված ԵԱՀԿ համապարփակ, անբաժանելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա և ՀԱՊԿ դաշնակցային պարտավորություններին համահունչ։

Նախարար Միրզոյանն իր գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները։ Այդ առումով նա շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործիքակազմի, այդ թվում՝ ճգնաժամային արձագանքման գործիքակազմի կատարելագործման կարևորությունը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն