«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի հայաստանյան պրեմիերաներ
«Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան՝ «Ձմեռնամուտի համերգ»-ին Հայաստանում կհնչեն Գ. Հոլսթի, Պ. Հինդեմիթի, Դ. Լիգետիի, Վ. Տորմիսի, Ա. Պյարտի, Վ. Բուխենբերգի, Մ. Օստրժիգայի ստեղծագործությունները, որոնք մեր երկրում առաջին անգամ են կատարվելու:
Երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«20-րդ դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային երաժշտության յուրատեսակ էքսկուրս է լինելու։ Նրանք ստեղծագործել են նույն ժամանակաշրջանում, սակայն խոսել են «տարբեր» լեզուներով, տարբեր մտածողությամբ ու մոտեցումներով», – նշում է խմբավար Նարինե Ոսկանյանը։
Համերգի առանձնահատկություններից մեկը լեզուների բազմազանությունն է. հնչելու են գործեր ֆրանսերենով, անգլերենով, լատիներենով, ինչպես նաև հունգարերենով և էստոներենով։
Համերգը նվիրված է Երևանի պետական կոնսերվատորիայի 100-ամյակին։
168.am