Սեփական թատրոնում՝ հյուրի կարգավիճակում
Այն բանից հետո, երբ օպերային թատրոնի գեղղեկավարի եւ տնօրենի պաշտոնում լրացավ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը, ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 1-ից թատրոնի տնօրենի ԺՊ-ի պարտականությունները դրեց դիրիժոր Կարեն Դուրգարյանի վրա, ում անձի հանդեպ, սակայն, վերաբերմունքը թատրոնում միանշանակ չէ, քանի որ ինչպիսի արտոնություններ որ տրված են նրա մտերիմներին, նույնչափ ստորադասված ու հետին պլան են մղված նրան ոչ մտերիմ արտիստները։
Այս 3 ամիսների ընթացքում Կ․ Դուրգարյանն արագ տեմպերով վերականգնում է թատրոնի հին ներկայացումները, ձեռնամուխ է լինում նորերը բեմադրելուն, եւ դա հասկանալի է, թե ինչու․ նա փորձում է իր ժամանակն արդյունավետ օգտագործել ԺՊ-ի պաշտոնում եւ վերադասին ցույց տալ աշխատանքի բարձր արդյունավետություն, քանի որ թատրոնի տնօրենի ընտրությունը տեղի է ունենալու ԺՊ-ի նշանակումից հետո՝ 6 ամիսների ընթացքում, ուստի քիչ ժամանակ է մնացել։
Ինչպես տեղեկացանք, Կ. Դուրգարյանի գալով որոշ խստացումներ են մտցվել աշխատակիցների աշխատագրաֆիկում։ Օրինակ, արտիստները պետք է ստորագրեն մատյանում՝ աշխատանքի ներկայանալու դիմաց, եթե չեն ստորագրում, պետք է բացատրագիր գրեն, թե ինչու չեն ներկայացել եւ չեն ստորագրել։ Այս մոտեցումը, արտիստներից շատերի կարծիքով, իրականում իրենց դեմ կոմպրոմատ հավաքելու տարբերակ է, որ հարկ եղած դեպքում կարողանան այս կամ այն մարդուն հեռացնել թատրոնից։
Մեկ այլ նորույթ եւս, որ ներմուծել է թատրոնի տնօրինությունը եւ հրահանգել բոլորին՝ թե՛ մեներգիչներին, թե՛ թատրոնի այլ աշխատակիցների. տնօրինության հրամանով, այսուհետ, ներկայացումների ժամանակ ոչ ոք իրավունք չունի դահլիճում նստել եւ ունկնդրել տվյալ օրվա ներկայացումը։ «Ցանկության դեպքում պետք է գնեք տոմս եւ վայելեք ներկայացումը դահլիճից»,- աշխատակիցներին հրահանգել է տնօրինությունը՝ նշելով, որ բողոքներ ու դժգոհություններ այս թեմայով չի ընդունելու։ Մինչդեռ արտիստները ոչ միայն դժգոհ են այս մոտեցումից, այն էլ՝ սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում, այլեւ՝ վիրավորված, քանի որ սեփական թատրոնում հայտնվում են հյուրի կարգավիճակում եւ իրենց իսկ թատրոնում մեկ այլ ներկայացում դիտելու համար պետք է տոմս գնեն՝ նոր կարողանան ներկայացում դիտել։ Արտիստների խոսքով, նման պրակտիկա նախկինում երբեք չի եղել, նոր ղեկավարությունը թատրոնում փող աշխատելու քաղաքականությունը սկսել է՝ նախեւառաջ հարվածելով թատրոնի արտիստների գրպանին։
Hraparak.am