Իրանական արտադրության առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մոտենում են ավարտին
Իրանական առաջին COVIRAN BAREKAT պատվաստանյութը, որի մասին առաջին անգամ խոսվել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին և որի արտադրությունը սկսվել է 2021 թվականի մարտի 29-ին, փորձարկման 3-րդ փուլում է, հայտնում է Tehran Times թերթը՝ վկայակոչելով պատվաստանյութերի հետազոտական թիմի տնօրեն Հասան Ջալիլիին։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անմիջական կառավարման ներքո գտնվող Execution of Imam Khomeini's Order կազմակերպության կողմից ստեղծված պատվաստանյութը 3-րդ փուլով փորձարկվել է 18-ից 75 տարեկան 10,5 հազար կամավորների շրջանում՝ Թեհրանում և Ալբորզում։
«Արտադրվել է մեկ միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Մինչև հունիս այս թիվը կհասնի ամսական 12 միլիոնի, իսկ օգոստոսին և սեպտեմբերից մենք կարտադրենք պատվաստանյութի 20-ից 25 միլիոն չափաբաժին», - ասել է Ջալիլիլ՝ հավելելով, որ Հարավային Ամերիկան, Աֆրիկայի երկրները, հարևան մի քանի երկրներ և եվրոպական երկու երկիր դիմել են պատվաստանյութ ստանալու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին տեղեկացրել է, որ պատվաստանյութերի բավարար քանակի ապահովման դեպքում Իրանում հարակից հիվանդություն ունեցող մարդկանց պատվաստումները կավարտվեն հուլիսի վերջին, իսկ ամբողջ բնակչության պատվաստումը մինչև նույեմբերի վերջ ավարտված կլինի։