Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին պառակտել սփյուռքը. ովքե՞ր են պատվիրատուները
Ընդամենը օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը «Armenia Today»-ին տրված հարցազրույցով բացահայտեց հայկական սփյուռքի պառակտման և քայքայման Նիկոլ Փաշինյանի հրեշավոր պլանը։ Իր հարցազրույցում վարչապետի հանձնակատարը մասնավորապես նշում է. «Սփյուռքում կա տրոհվածություն, և դա շատ խորն է… Այս պահին պայքար է գնում հին կառույցների և նոր սփյուռքի ձևավորման միջև։ Տարբեր տեղերում դա տարբեր կերպ է դրսևորվում, բայց արմատականորեն դրանում է խնդիրը»։ Այսինքն, հանձնակատարը փաստում է, որ սփյուռքում ձևավորվում են նոր կառույցներ, որոնք ի սկզբանե հակադրված են գոյություն ունեցող ավանդական կառույցներին, և նրանց միջև առկա է այնպիսի պայքար, որը պառակտում է սփյուռքը։ Իսկ եթե ավելի պարզ՝ սփյուռքի հանձնակատարի գրասենյակը նոր և արհեստական կառույցների ձևավորմամբ պառակտում է սփյուռքը՝ զրկելու համար Հայաստանին հսկայական մարդկային, մասնագիտական, նյութական և գիտական ռեսուրսից։ Ավելի քան յոթ միլիոնանոց հայկական սփյուռքը տասնամյակներ, իսկ շատ երկրներում նաև հարյուրավոր տարիներ կազմակերպվել, ինքնապահպանվել և հայկական է մնացել բացառապես մի քանի առանցքային կառույցների շնորհիվ։ Այդ կառույցներից են Առաքելական Սուրբ եկեղեցու երկու կաթողիկոսությունների թեմերը՝ իրենց դպրոցներով, մշակութային, բարեգործական միություններով, ծխական խորհուրդներով։
Սփյուռքի ձևավորման, պահպանման և զարգացման գործում առանցքային դեր ունի ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցը՝ իր կոմիտեներով, ուղեկից և քույր միություններով, երիտասարդական ակումբներով, Հայ Դատի հանձնախմբերով և գրասենյակներով։ ՀՅԴ հովանու տակ գործող Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը /ՀՄԸՄ/, Հայ Օգնության Միությունը /ՀՕՄ/, Համազգային կրթական մշակութային միությունը, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները իրենց հազարավոր անդամներով և համակիրներով տասնամյակներ շարունակ փոխարինել են պետությանը՝ ապահովելով սփյուռքի բնականոն կենսագործունեությունը։ Խիստ կարևոր դերակատարություն ունեն հայկական համայնքային կազմակերպությունները, բազմաթիվ ակումբներ, ավանդական կուսակցությունների կրթամշակութային հիմնարկներ և այլն։ Այս ցանկում հարկ է առանձնացնել Ռուսաստանի Հայերի միությանը, որը ներկայություն ունի Ռուսաստանի բոլոր հայկական գաղթօջախներում և հարյուրավոր մասնաճյուղերի միջոցով արդեն քսան տարի է կազմակերպում է հայկական համայնքների հայապահպան գործունեությունը։ Ռուսաստանի ավելի քան երեք միլիոնանոց սփյուռքում հենց այս կառույցի, ՀԱԵ երկու թեմերի և համայնքային միությունների շնորհիվ է, որ ձևավորվում է հայկական օրակարգը։ Ռուսաստանում հայապահպանության գործին իրենց մասնակցությունն են բերում նաև մի շարք մշակութային և կրթական կենտրոններ, որոնք ավանդաբար գործել են որպես «մշակութային ինքնավարություններ» ։
Այս է այն հիմնական շրջանակը, որն ավելի քան հարյուր տարի ստանձնել է աշխարհասփյուռ գաղթօջախների հայապահպանության առաքելությունը։ Հենց այս կառույցներն է Փաշինյանի հանձնակատարն անվանում «հին» և փորձում փոխարինել նորերով։ Բայց Փաշինյանը և պատվիրատուները լավ են հասկանում, որ անզոր են քանդել տասնամյակներով ձևավորված կուռ համակարգերը՝ ամրապնդված գաղափարական, հոգևոր, հայրենակցական և սոցիալական կապերով։ Հանձնարարությունն այլ է՝ հնարավորինս հեղինակազրկել, թուլացնել գործող կառույցները՝ արդյունքում պառակտելով և թուլացնելով հայ ազգի հավաքականությունը, զրկելով Հայաստանին երբևիցե հզոր ազգ և պետություն դառնալու հեռանկարից։ Այս ծրագիրն է, որն անշեղորեն փորձում են իրականացնել թշնամու գործակալները՝ հանձնակատար Սինանյանի ձեռամբ և հայության լուռ անտարբերության ներքո։ Կհաջողվի՞ արդյոք թշնամուն զրկել Հայաստանին սփյուռքից՝ կարծում եմ այո՛, եթե չընդվզենք ազգովի։ Թշնամու թիրախում հայի և հայկականության վերարտադրողական օրգաններն են, և եթե նրան հաջողվի խոցել այդ թիրախները՝ սփյուռքը կդառնա ամուլ և ծերացող համայնքների անմիաբան հանրույթ։ Ժամանակն է, որ սփյուռքի բոլոր «հին» կառույցները համախմբվեն և համատեղ ուժերով չեզոքացնեն Սինանյանի ձեռամբ իրականացվող այս հրեշավոր պլանը։ Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանն ու իր հայադավ թիմը կենթարկեն պատասխանատվության, հարկավոր է հնարավորինս կանխել քայքայիչ հարվածները։ Շատերին թվում է, թե Հայաստանին մոխրակույտի վերածելով կսպանեն հայի ոգին և ազատ ապրելու կամքը, սակայն մոռանում են, որ այն նման է փյունիկի՝ որ պիտի հառնի մոխիրներից և ազդարարի Միացյալ Հայաստանի վերածնունդը…
Hraparak.am