Բուկլետ բաժանողը, տարբեր միջոցառումների ժամանակ հացի վրա հարձակվողը Փաշինյանն է․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը երկու օր շարունակ Սյունիքի մարզում էր: Հունիսի 7-ին՝ Ագարակ, Մեղրի, Կապան, երեկ էլ Գորիս էին հասել։ Քարոզարշավի ընթացքում մենք փորձեցինք հարց ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, ում մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր կողմից գեներալի ուսադիրներ ստացածը դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանողը Տավուշում:
Բայց Քոչարյանը չկարողացավ պահ գտնել՝ մեր հարցերին պատասխանելու, փոխարենը այս թեմայով մի քանի հարց ուղղեցինք «Հայաստան» դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
– Պարոն Օհանյան, ճի՞շտ է, որ Օնիկ Գասպարյանը Տավուշում աջակցում է «Հայաստան» դաշինքին:
– Ես այդ մասին տեղեկություն չունեմ, որովհետեւ Օնիկ Գասպարյանի հետ այս քաղաքական գործընթացների շրջանակներում չեմ հանդիպել:
– Նիկոլ Փաշինյանը նրան հեգնում էր, թե դարձել է Ռոբերտ Քոչարյանի բուկլետ բաժանողը Տավուշում:
– Ուրեմն, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի այդպիսի կարծիք հայտնելու: Բուկլետ բաժանողը, փողոցներում քայլողը, տարբեր միջոցառումների ժամանակ սննդի, հացի վրա հարձակվողը, ակնհայտ երեւում է, որ ինքն է: Եվ երկրորդը՝ որեւիցե մի գեներալ Նիկոլ Փաշինյանի գրպանի գեներալը չէ:
– Բայց Փաշինյանն այնպես է ներկայացնում, ասես ինքն է այդ գեներալներին ծնել, ասում է, որ ինքն է նրանց գեներալ-լեյտենանտի, գեներալ-գնդապետի կոչում շնորհել, ու հիմա նրանք դուրս են եկել իշխանության դեմ:
– Այսինքն` նա արժանի չի՞ եղել, որ ինքը շնորհել է գեներալ-գնդապետի կոչում: Եթե արժանի չի եղել, ու ինքը շնորհել է, ուրեմն ՀՀ վարչապետը հանցագործ է, որ անարժան մարդկանց է շնորհել: Իսկ եթե շնորհել է արժանի մարդկանց, իսկ Օնիկ Գասպարյանը եւ շատ այլ գեներալներ բանակի ակունքներում կանգնած մարդիկ են, Նիկոլ Փաշինյանն իր ռազմական եւ կառավարման գիտելիքներով շատ փոքր մարդ է, որ հասնի նրանց: Իսկ արժանիները կարող են իրենց կարծիքը համարձակ արտահայտել ցանկացած տեղում:
– Դուք նորմա՞լ եք վերաբերվում նրան, որ Օնիկ Գասպարյանն աջակցում է ձեր թիմին:
– Իհարկե, նորմալ եմ վերաբերվում, ինքը մեր ծառայակից եւ մարտական ընկերներից է, եւ ես նրան հարգում եմ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: