«Հրապարակ». Արտահերթ նիստը կտապալե՞ն
ԱԺ նախագահի որոշմամբ՝ դեկտեմբերի 15-ին արտահերթ նիստ կգումարվի։ Նման պահանջով խորհրդարանի խոսնակին են դիմել ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ համապատասխան թվով ստորագրություններով։ Արտահերթի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստան» դաշինքի հեղինակած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը, որով կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, որը կխախտի Սահմանադրությունը, սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը եւ այլն։ Նշենք, որ հերթական նիստերի մեկնարկին դաշինքը որպես հայտարարության տեքստ էր սա ներկայացրել, սակայն խորհրդարանը մերժեց 28 կողմ, 0 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց՝ հայտարարության տեքստը ներքաղաքական բովանդակություն ու նպատակ ունի: «Մեզ համար անհասկանալի է, որ անվտանգային հարցերի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության տեքստում փորձել եք ներդնել միակողմանի ձեւակերպումներ, որ հենց գրելիս ձեզ համար հասկանալի է եղել, որ այն չի ընդունվելու»։
Արտահերթ նիստ չհրավիրել չեն կարող, բայց ենթադրվում է, որ հին սցենարով ՔՊ-ականները չեն ներկայանա, եւ նիստը քվորումի բացակայության պատճառով չի կայանա։
Hraparak.am