Աղիքային վարակիչ հիվանդությունները շոգին ակտիվանում են․ նախարարությունը հորդորում է հետևել նշված կանոններին
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա շոգ եղանակին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:
Ինչպես հայտնի է, աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճին և բազմացմանը: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են թույլ իմուն համակարգ ունեցող անձինք՝ երեխաները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցողները: