Դեկտեմբերի 11-14-ը Հայաստանում է Ֆրանսիայի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարող Էրիկ Զեմուրը՝ լրագրող, որը հայտարարել է քաղաքական շարժում ստեղծելու և քաղաքականություն մտնելու մասին: Զեմուրն իհարկե պաշտոնապես գրանցված չէ իբրև թեկնածու: Ոչ ոք դեռ գրանցված չէ, առայժմ արվել են հայտարարություններ: Գրանցման համար կա երկար ընթացակարգ, որը կավարտվի 2022-ի փետրվարին: Միաժամանակ, ներկայիս սոցիոլոգիական դիտարկումներով, Զեմուրը կարող է լինել ամենամրցակցային թեկնածուներից մեկը, առաջին փուլում հավակնելով մինչև 15 տոկոս ձայնի: Դա Ֆրանսիայի համար շոշափելի ցուցանիշ է, հաշվի առնելով, որ այդ երկրում նախագահի ընտրության առաջին փուլին մասնակցում են շատ թեկնածուներ և որպես կանոն, վերջին տարիներին, ընտրությունը չի ավարտվում մեկ փուլով: Համեմատության համար, իր ներկայիս վարկով երկրորդը համարվող Հանրապետական կուսակցությունից առաջադրվելիք թեկնածու Վալերի Պեկրեսսին սոցհարցումները տալիս են մոտ 17 տոկոս ձայն:

Առաջին տեղում առայժմ դիտարկվում է գործող նախագահ Մակրոնը: Անկասկած է, որ մինչև 2022-ի ապրիլ, երբ տեղի կունենա ընտրությունը, պատկերը կարող է փոխվել շոշափելի, քանի որ կան նաև այլ ոչ պակաս կարողունակ խաղացողներ: Ֆրանսիայի նախագահի ընտրության գործընթացը անշուշտ կփորձենք պահել մեր ուշադրության կենտրոնում, քանի որ Փարիզը ոչ միայն կարևորագույն խաղացող է միջազգային ասպարեզում, այլ նաև էական առնչություններ ունի Հայաստանի համար կենսական հարցերի, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանին առանձնահատուկ բարեկամ երկիր է:

Միաժամանակ, Հայաստանը թերևս երբեք չի ունեցել Ֆրանսիայի նախագահի ընտրության մասնակից, կամ մասնակցելու հավակնություն ունեցող թեկնածուների համար առանձնահատուկ ուշադրության երկիր: Ահա սրանով է, որ հատուկ ուշադրության է արժանի այն, որ Ֆրանսիայի նախագահի առաջիկա ընտրության մրցունակ թեկնածուներից մեկը համարվող Էրիկ Զեմուրը որոշում է «նախընտրական» այց կատարել Հայաստան: Ավելին, Հայաստանից նա արդեն իսկ հասցրել է հրապարակել լուսանկար հայ-թուրքական սահմանից: Սա հիմք է տալիս խոսելու այն մասին, որ Զեմուրը փորձում է Հայաստանից «խոսել» ոչ միայն ֆրանսահայ մոտ կես միլիոնանոց համայնքի հետ, որը իր ոչ միայն շոշափելի թվով, այլ նաև կազմակերպվածությամբ, ֆրանսիական կյանքին ինտեգրվածությամբ մշտապես եղել է Ֆրանսիայի քաղաքական կյանքի և նախագահի ընտրության նկատելի գործոն, այլ նաև գուցե միջազգային խաղացողների հետ:

Անկասկած է, որ հայ-թուրքական հարցը ոչ միայն Ֆրանսիայի քաղաքական օրակարգում նկատելի տեղ ունեցող է՝ տարբեր պատճառներով ու շահերի բերումով, այլ նաև գործնականում շոշափում է ներկայիս միջազգային հարաբերությունների բավականին նուրբ շերտեր տարբեր ուղղություններով, թե կովկաս-մերձավորարևելյան ռեգիոնի, թե այդ ռեգիոնում գտնվող կամ հետաքրքրություններ ունեցող կենտրոնների առումով: Այս տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահի ընտրության գործընթացում նշմարվող «հանգամանքը» բավականին ինտրիգային է, եթե նկատի ունենանք և այն, որ «նախընտրական» շրջանում Հայաստան այցելելու մասին է հայտարարել նաև Հանրապետական կուսակցության առաջադրելիք թեկնածու Վալերի Պեկրեսսը: Ֆրանսահայ համայնքը ֆրանսիացի քաղգործիչների հանդեպ քաղաքական «պահանջների նշաձո՞ղն» է բարձրացրել, թե՞ Ֆրանսիական քաղաքականության հարցում բարձրացել է հայաստանյան գործոնի դերը, ինչի միջոցով Փարիզը փորձում է վերգտնել միջազգային քաղաքական ազդեցության որոշ «կորուստներ»: Այս ամենը պետք է լինի մեր հասարակական-քաղաքական կյանքի ուշադրության առարկան, միաժամանակ չդառնալով որևէ հավելյալ պատրանքի առիթ:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն