«Արդեն երրորդ օրն է՝ Հայաստանը գտնվում է նախընտրական քարոզարշավի մեջ: Ակնհայտ է մի բան՝ իշխանությունը, ռեժիմը՝ կապիտուլյանտ հողատուի գլխավորությամբ, հոգեվարքի մեջ է»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ այդ հոգեվարքի վառ ապացույցը նրա և նրա «քաղաքական» թիմի, իսկ իրականում խունտայի անհավասարակշիռ, վիրավորական, բռնություն պարունակող կոչերն են:

«Կապիտուլյանտը սրընթաց գահավիժում է, նրա վարկանիշը գահավիժում է, դա այլևս որևէ կերպ չի կարելի կանգնեցնել:

Արձանագրենք՝ նրա նյարդային, շատ դեպքերում ոչ ադեկվատ, շատ դեպքերում նույնիսկ ոչ մարդկային հայտարարությունները և վարքագիծը խոսում են նրա մասին, որ հենց Նիկոլը, այդ կապիտուլյանտը շատ լավ գիտակցում է, որ ինքը գահավիժում է»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը:

Նրա խոսքով, գոռգոռալը, բռնությունը թուլության նշան են. «Ինձ հայտնի չէ քաղաքականության, պատմության մեջ որևէ լուրջ  քաղաքական գործիչ կամ թիմ, որն առավոտից երեկո զբաղված է լառաչությամբ, շառ անելով կամ ճղճղալով, էլ չեմ ասում գործադիրի ղեկավար: Մարդ, որը երեք տարի «ղեկավարել» է Հայաստանը ու խոստանում է ապագա, ապագայից  ոչ մի բան չի խոսում, միայն աջ ու ձախ ճղճղում է:

Դա խոսում է նրա անհավասարակշիռ ճգնաժամային վիճակի մասին:

Սաղ կյանքդ տվող ես եղել՝ Ալիևին տվեցիր մեր հայրենիքի 75 տոկոսը, Շուշին, Հադրութը տվողը, 5000 զոհ տվողը խոսում է շինելուց: Դու ոչ շինելու հետ կապ ունես, ոչ կառուցելու: Դու քանդելու ու տալու հետ կապ ունես:

Մարդ, որն այս 3 տարում, 44 օրվա մեջ ու այս ամիսներին չհամարձակվեց Ադրբեջանի սուլթանին մի թթու խոսք ասել, այսօր Արցախն ազատագրած, Արցախի հերոսներին տղամարդկության  չելենջ է անում: Նապաստակն առյուծներին չի կարող չելենջ անել, այ ընկեր: Մի հատ լրջացիր»:

Խոսելով  «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի մասին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք չեն մտնելու անձնական վիրավորանքի դաշտ:

«Մեր խնդիրն է բացել մեր հասարակության աչքերը, որ անկարող է քաղաքական իմպոտենցիայի վառ ներկայացուցիչը և հողատուն ներկայացնել հայ ազգին, Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանը:

Նա չի կարող մեր անվտանգությունն ապահովել: Նա խոստացել է խաղաղություն, բերել է  պատերազմ, խոստացել է սեր և հանդուրժողականություն, բերել է  սևի ու սպիտակի պայքար, խոստացել է հաղթանակ, բերել է  կապիտուլյացիա, խոստացել է ապագա, հոխորտում է վենդետաներով:

Վենդետա լուծող ես, գնա ադրբեջանցիներից ու թուրքերից լուծիր»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Աղբյուր` Panorama.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն