Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունները բացահայտում են Հայաստանում հաստատված ավտորիտարիզմի նոր մակարդակը
Մի քանի արձանագրումներ ՏԻՄ երեկվա ընտրությունների մասին
2026 թվականի հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններն անցկացվել են 21 համայնքում, որոնցից 19-ում՝ համամասնական ընտրակարգով։
5 համայնքում ՔՊ-ն առաջադրվել է առանց մրցակցի (Փաշինյանին հանգիստ չի տալիս Կիմ Չեն Ընի փառքը):
17 համայնքում ՔՊ-ն կամ նրա մասնակցությամբ դաշինքը ստացել է ձայների ավելի քան երկու երրորդը (Փաշինյանին հանգիստ չի տալիս Կադիրովի փառքը)։
Եղեգնաձորում՝ ՔՊ-ն զբաղեցրել է առաջին տեղը, բայց ստացել է 48.06%։ Այս համայնքում գործ ունենք մրցակցության իմիտացիայի հետ: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Հանրապետություն» կուսակցությունը (46,86%), որի առաջին համարը Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանն է: Նախ, «Հանրապետություն» կուսակցությունը վաղուց ՔՊ-ի արբանյակ կուսակցության համբավ ունի և երկրորդ՝ Դավիթ Հարությունյանը ինքն է «հավատափոխ» եղել մինչև ընտրությունները: 2021-ին նա եղել է ԲՀԿ-«Դեմոկրատական այլընտրանք» ընդդիմադիր դաշինքի թեկնածուն և հաղթել է այդ կարգավիճակում, այս ընտրություններից առաջ փաստացի տեղավորվել է իշխանության տանիքի տակ: Կասկածից վեր է, որ «Հանրապետություն» կուսակցությունը և նրա թեկնածուն Եղեգնաձորում ապահովելու են ՔՊ-ի հաղթանակը՝ կոալիցիոն փշրանքների դիմաց:
Ստեփանավանում ՔՊ-ն ստացել է 35.32%՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: Առաջին տեղում Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած ցուցակն է՝ «Գործարար» իշխանական պրոեկտը, որը ստացել է քվեների 41,38%-ը: Ի դեպ, Արմեն Գրիգորյանն ընտրություններից հետո արդեն հասցրել է շնորհակալություն և հավատարմություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Եթե Ստեփանավանում նույնիսկ կա հետընտրական մրցակցություն, ապա դա բացառապես ներիշխանական է: «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյան ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվեց, ստացել է քվեների 19,62%-ը:
Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունները բացահայտում են Հայաստանում հաստատված ավտորիտարիզմի նոր մակարդակը։
Եթե 2021-2026 թվականներին քաղաքական հետապնդումների թիրախ էին հիմնականում արդեն ընտրված ընդդիմադիր համայնքապետերը, ապա այժմ Փաշինյանի իշխանությունն անցել է «կանխարգելիչ» ռեպրեսիաների մարտավարությանը։
Հիմա իշխանությունը կանխում է հենց ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։
Հոկտեմբերի 25-ի ընտրական ցիկլը Փաշինյանն օգտագործել է ավտորիտար համակարգի ամրապնդման և տեղական իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողությունն ամբողջացնելու նպատակով։ Տարբեր համայնքներում կիրառվել են տարբեր մեթոդներ՝ տեղական ազդեցիկ խմբերի իշխանական համակարգին ինտեգրում (ՔՊ- տեղական ֆեոդալներ դաշինք), ինչպես՝ Գորիսում և Վարդենիսում, կամ ուժային ճնշում քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Նպատակը նույնն է՝ նվազագույնի հասցնել իրական մրցակցությունը և իշխանության մենաշնորհը տարածել նաև ՏԻՄ-երի վրա։
Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են քաղաքական և ընտրական ինստիտուտները, ինչը միայն խորացնելու է իշխանության ճգնաժամը՝ դուռ բացելով փոփոխությունների ցնցումային տարբերակների համար:







































