«Հեղափոխության պահապաններ»-ի հիմնադիր Հայկ Ստեփանյանը հեռացվել է աշխատանքից
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանն այլեւս խորհրդարանում չի աշխատում: Ինչպես հայտնի է, Ստեփանյանը սեպտեմբերին աշխատանքի անցավ խորհրդարանում՝ զբաղեցնելով Ալեն Սիմոնյանի օգնականի հաստիքը:
Սակայն մենք տեղեկացանք, որ նա եւս ազատվել է աշխատանքից, սակայն առաջիկայում Պետական վերահսկողական ծառայությունում նոր պաշտոն է ստանալու: Իրականում այդպես վարվելու համար Ալեն Սիմոնյանն այլ նպատակ է ունեցել եւ նրա այդ որոշումը պատահական չէ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել խորհրդարանում, որի շրջանակներում քննություն է ընթանում եւ նախաքննական մարմին են հրավիրվել դեպքին մասնակից պատգամավորները, նրանց օգնականները եւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները: Բանն այն է, որ իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են այն հարցը, որ ինչ-որ պատմությունների կիզակետում գտնվող օգնականներն իրավունք չունեն աշխատել խորհրդարանում՝ օրինակ բերելով նաեւ այն հանգամանքը, որ նրանցից մեկը ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով է անցնում: Եվ ահա այդ նույն տրամաբանությամբ էլ աշխատանքից հեռացվել է նաեւ Հայկ Ստեփանյանը, քանի որ նա էլ եւ իր թիմի անդամներն աչքի են ընկել Հայելի ակումբի վրա հարձակումով: Այսինքն, այսպես Ալեն Սիմոնյանը ցանկանում է անխոցելի լինել:
ArmLur.am