Իսկ Թուրքիան համաձա՞յն է «առանց նախապայմանների» նախապայմանին
Թուրքիան ու Հայաստանը որոշել են սիրախաղեր սկսել միմյանց հետ։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երկու օր առաջ հայտարարել էր, թե պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսել, եւ այդ նպատակով Թուրքիան ու Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկու երկրներում։ Երեկ արդեն լուրեր տարածվեցին, որ հայկական կողմից բանագնացն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն է:
«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք (հարաբերությունների) կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել էր Չավուշօղլուն։ Ուշագրավ է, որ այս մասին մենք տեղեկանում ենք ռուսական ու թուրքական լրատվամիջոցներից, այլ ոչ հայկական պաշտոնական խողովակներից։ Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարությանը հաջորդեց Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այժմ էլ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց սկսել, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը եւ հաստատում, որ հայկական կողմը եւս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-հայտարարել էր Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումներին։
Բայց ամենակարեւոր հարցին ՀՀ ԱԳՆ-ն չի անդրադարձել՝ արդյոք Թուրքիան պատրա՞ստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, թե՞ նախապայմաններ, այնուամենայնիվ, առաջադրվել են, բայց դրանց մասին դեռ չեն խոսում։
Մեր դեռեւս թշնամի կամ ապագա բարեկամ հարեւաններն իրենց բազմադարյա պատմության ընթացքում մշտապես աչքի են ընկել խորամանկ ու անվստահելի քաղաքականությամբ, եւ դա մեզ կարող է թույլ տալ կասկածել Թուրքիայի ազնվությանն ու «առանց նախապայմանների» հարաբերությունների կարգավորմանը։ Այսինքն՝ մի փոքր կասկածելի է, որ Թուրքիան, որ մշտապես նախապայմաններ է դրել մեր առաջ, այդ թվում՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, թե պետք է Հայաստանը հետ կանգնի Ցեղասպանության ճանաչման գործընթացից, այսօր կարող է մոռանալ այդ ամենն ու համակերպվել եւ հարաբերություններ կարգավորել մի երկրի հետ, որը շարունակելու է իրեն մեղադրել 1915 թ․ իրագործված հայոց ցեղասպանության մեջ ու դրա դիմաց, բնականաբար, որոշակի պահանջներ է ներկայացնելու միջազգային ատյաններում։ Էլ չենք ասում, որ այդ նախապայմաններին այսօր գումարվել է նաեւ Արցախի կարգավիճակի հարցը։
Ուստի փորձեցինք ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանից ստանալ մեկ հստակ հարցի պատասխան՝ իսկ Թուրքիան պատրա՞ստ է Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել առանց նախապայմանների, ինչը պնդում է Հայաստանը։ Եվ արդյոք Թուրքիայի հետ քննարկվե՞լ է այս հարցը՝ նման հայտարարություններ անելուց առաջ։
Հունանյանը տվեց դիվանագիտական եւ ոչ ուղիղ պատասխան, որից կարելի է որոշ եզրահանգումներ անել։ Նախ ասաց․ «Ինչպես նախկինում հայտարարել էինք, ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման»։ Այսինքն՝ ուղիղ շփում որեւէ ձեւաչափով չի եղել Թուրքիայի հետ, դա եղել է միջնորդավորված՝ ռուս գործընկերների միջոցով։ Ապա շարունակեց․ «Ռուս գործընկերները վերոնշյալը փոխանցել են Թուրքիային: Հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարություններին արդեն իսկ ծանոթ եք»։ Ստացվում է՝ ռուսները փոխանցել են Հայաստանի դիրքորոշումը Թուրքիային, որը թերեւս Թուրքիային պետք է վաղուց հայտնի լիներ` Հայաստանի իշխանությունների հրապարակային տեքստերից, եւ հիմա մնում է սպասել Հայաստանի վերոնշյալ դիրքորոշմանը Թուրքիայի կողմից, Փաշինյանի ասած՝ «դրական ազդակներին»։
Թուրքիայից դեռեւս նման արձագանք չկա, ԱԳՆ-ից էլ այս մասով մեզ հստակ բան չասացին։
Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն հաստատել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին` Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար՝ հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված է եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Ի դեպ, ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր. «Անկարան նոր պայմաններ է առաջադրում, դրանց թվում Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»։ Այնպես որ՝ նախապայմաններ, այնուամենայնիվ, առաջադրվում են, որքան էլ հայկական կողմը հայտարարի, թե դրանք չկան:
Hraparak.am