Բրյուսելում նոյեմբերի 14-ին ԵԽ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը ավելի պատկերավոր դարձրեց ՀՀ իշխանությունների հայտարարած «խաղաղության դարաշրջանի» ապագա տեսքը: 4.5 ժամ ձգված բանակցություններից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանին ուղղված նոր պայմանի մասին, որի վրա էլ կառուցվեց բրյուսելյան հանդիպման հիմնական ինտրիգը: Կարելի է ասել, որ Ալիևն իր հայտարարությամբ հետաքրքրություն հաղորդեց բրյուսելյան հանդիպմանը, քանի որ փորձագետները այս հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունեին:

Ալիևը հայտարարեց, թե պայմանավորվել են երկաթուղային հաղորդակցություն կառուցել Հայաստանի տարածքով Ադրբեջանցից դեպի Նախիջևան, ինչպես նաև մայրուղու կառուցման շուրջ: «Սակայն մայրուղու հստակ ճանապարհը չի որոշվել. դա ապագա քննարկումների հարց է, որը, անկասկած, կքննարկվի այսօր երեկոյան՝ եռակողմ հանդիպմանը: Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքինը: Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ Զանգեզուրի միջանցքում մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռները և մարդկանց, մենք մաքսակետ կբացենք Լաչինի միջանցքում»,- հավելեց Ալիևը՝ դրանով իսկ կանխորոշելով ապագա զարգացումները:

Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարություն տարածեց, որում ըստ էության միակ, սակայն սպասելի նորությունն այն էր, որ սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի՝ տեխնիկական աջակցություն տրամադրելով երկու երկրներին: «Երկաթուղիների մասով կա համաձայնություն՝ սահմանային ու մաքսային հսկողությունը փոխադարձության սկզբունքով իրականացնելու շուրջ։

Հաջորդ հարցը վերաբերում է ավտոմոբիլային մայրուղիներին և դրանց ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են հաղորդակցությունը բարելավվելու համար։ Նրանք (Փաշինյանն ու Ալիևը) հստակեցրել են այն թեմաները, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել են 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Նաև ասվում է, որ Փաշինյանն ընդգծել է հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև կողմերը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և ՌԴ»,- ասված է հաղորդագրությունում, ըստ որի՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։ Ամփոփելով նշենք, որ քննարկվել են հետևյալ թեմաները՝

• Հումանիտար խնդիրների կարգավորում

• Ապաշրջափակում՝ երկաթուղային հաղորդակցություն, ավտոմոբիլային ճանապարհ ու միջանցքային հարցեր,

• Դեմարկացիա-դելիմիտացիա:

Միակ անսպասելի զարգացումը, իհարկե, Ալիևի նոր նախապայմանն էր Հայաստանին, որ Նախիջևանի ճանապարհ/միջանցքը պետք է գործի այն նույն պայմաններով, ինչ Լաչինի միջանցքը, այլապես Լաչինի միջանցքի պայմանները կփոխվեն, և Ադրբեջանը մաքսակետեր ու հսկողություն կսահմանի այդ միջանցքում: Ալիևը, ըստ էության, բացահայտում է գլխավոր հարցը՝ ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ այդ ճանապարհով իր շարժերը որևէ կերպ վերահսկվեն հայկական կողմից: Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ Լաչինի թեման պաշտոնական հրապարակային դաշտում 44-օրյա պատերազմից հետո հայտնվում է առաջին անգամ, սակայն Ադրբեջանի քարոզչական շրջանակները բազմիցս են հայկական կողմին սպառնացել Լաչինի միջանցքի փակմամբ, թեև 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն՝ ապահովել կապ Հայաստանի և Արցախի միջև: Եվ, փաստորեն, Լաչինի թեման առաջ է քաշվում՝ որպես հետագա տորգերի առարկա:

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 6-րդ կետում մասնավորապես ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է ԼՂ-ի կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Այս փուլում ակնհայտ է նաև մեկ այլ հանգամանք, որ անկախ նրանից, թե իրականում ինչ ձևաչափ կունենա Ադրբեջանից դեպի Նախիջևան տանող ճանապարհը, հայկական կողմը դեռ հնարավորինս խուսափում է միջանցք ձևաչափից: Հիշեցնենք, որ այս մասին խոսել է նաև այդ հարցով զբաղվող եռակողմ հանձնաժողովի ռուս անդամ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ միջանցքի հարց չի քննարկվում: Ալիևի հայտարարությունը Բրյուսելում, թերևս, նշանակում է, որ Լաչինի միջանցքում իրավիճակ է փոխվելու, ինչն ուղիղ անդրադարձ է ունենալու Արցախի հակամարտության և կարգավիճակի վրա, քանի որ միջանցք չտրամադրելու դեպքում Ադրբեջանը Լաչինը վերցնելու է վերահսկողության տակ՝ իր բոլոր ծանր հետևանքներով:

Ներկայումս Լաչինին այլընտրանքային ճանապարհի մասին չի էլ խոսվում և հայտնի չէ՝ նախագծվո՞ւմ է արդյոք նման ճանապարհ, թե՞ ոչ, այնուամենայնիվ այլընտրանքային ճանապարհը ևս կարող է լիարժեքորեն տնօրինվել Ադրբեջանի կողմից, ինչը չափազանց բացասական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի համար: Թեև փորձագետները պնդում են նաև, որ ռուսական կողմը կվերահսկի նաև այլընտրանքային ճանապարհը, ինչպես Լաչինի միջանցքը, քանի որ դա ռազմավարական նշանակության հարց է ՌԴ-ի համար, ինչպես նաև դա ֆիքսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, թե պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը հենց Բրյուսելում որոշեց խոսել այդ թեմայի շուրջ, ըստ էության չկարևորելով այդ բանակցությունները, նույնիսկ ցանկանալով որոշակի լարվածություն հաղորդել խոսակցությանը, ինչպես նաև իրեն բնորոշ ոճով փորձել նորանոր զիջումներ կորզել:

Ըստ նրա, հանդիպման տևողությունը բավականին շատ է, իսկ արդյունքների մասին դատելը դեռ վաղ է, քանի որ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն կամ փաստաթուղթ չի ստորագրվել, սպառիչ պատասխաններ չեն հնչել, թե կոնկրետ ինչ է քննարկվել, և միակ տեղեկատվությունը արդյունքների մասին ստացել ենք պաշտոնական հաղորդագրություններից:

«Սակայն կարծում եմ՝ այս փուլում ամենածանր գործընթացներն են սպասվում, քանի որ սկսվելու է սահմանների դեմարկացիա-դելիմիտացիան ռուսական միջնորդությամբ, և դրան կցվելու են նաև եվրոպացի փորձագետներ: Հայտնի չէ՝ սա ռուսական կողմի հետ քննարկված, համաձայնեցվա՞ծ է, թե՞ ոչ: Այստեղ մեկ կարևոր հիշեցում, որ ՌԴ նախագահը խոսել էր այս մասին և ասել, որ այդ գործընթացը ՌԴ-ն կարող է իրականացնել առանց այլ միջնորդների, քանի որ քարտեզները ՌԴ ԳՇ-ում են:

Ստեղծված իրավիճակը չի բացառվում, որ տարաձայնություններ առաջացնի, որը պետք է հարթել, որպեսզի իրավիճակը կրկին չսրվի: ԵՄ-ն փորձում է վճռականություն ցուցաբերել նախկինի համեմատությամբ, փորձում է միջամտել, մասնակցել կարգավորման գործընթացին, թե որքանով դա կհաջողվի և որքանով ԵՄ միջնորդությունը կայունացնող դերակատարություն կունենա, ցույց կտա ժամանակը: Կարևոր փուլ են մտնում նաև ապաշրջափակման բանակցությունները, զարգացումներ կլինեն այս թեմայի քննարկման ընթացքում: Իսկ հումանիտար խնդիրները, երկարաժամկետ փուլում, սակայն կլուծվեն: Բոլոր այս թեմաները և սահմանային հարցերը, և ապաշրջափակման թեմաները, հատկապես՝ նման աշխարհաքաղաքական ուշադրության, շահերի, հետաքրքրությունների պայմաններում, հեշտ չի լինելու լուծել»,- ասաց Սկակովը:

Նա այն կարծիքին է, որ Ադրբեջանը հնարավորինս փորձելու է խուսափել կարգավիճակի հարցի քննարկումից, որին էլ միտված է նոր դիսկուրսների ի հայտ գալը հրապարակային դաշտում:

«Ասել, որ սա կանխատեսելի չէր, ասել, որ հեշտ է լինելու պատերազմից հետո, չէր կարելի, դիմադրությունը լուրջ փուլում է: Ռուսական տեղակայման ժամկետների հարցը ևս կա, այսինքն՝ բանակցությունները թեժ և բազմավեկտոր են լինելու»,- ասաց նա:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն