Նախօրեին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատրաստակամություն հայտնեցին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր:

Հիշեցնենք, որ լեգենդար հրամանատարին կալանավորեցին դեկտեմբերի 1-ին` ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:

Բագրատ սրբազանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աշոտ Մինասյանին ճանաչում է 2013 թվականից եւ դրանից առաջ էլ․ «Մտերմությունը, ծանոթությունը, այդ ժամանակից սկսած, ավելի է խորացել։ Ընտանիքն ինձ դիմեց, եւ ես էլ, բնականաբար, համաձայնեցի»։

Թե իշխանությունն ինչ նպատակ է հետապնդում Աշոտ Մինասյանին կալանավորելով, սրբազանը դժվարանում է ասել․ «Դա իշխանություններին պետք է հարցնեք․․․»։ Իշխանության առաջին դեմքերը մի կողմից հերոսացնում, մյուս կողմից դասալիք են համարում գերի ընկածներին, սպառնում նրանց դատուդատաստանով, սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հանրության շրջանում եւ ինչպե՞ս կարող է ազդել զինվորի, բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա։ «Ձեր հարցն իր մեջ նաեւ պատասխան է պարունակում․․․, բոլոր առումներով՝ թե՛ հասարակության, թե՛ բանակի, թե՛ ընդհանրապես լայն շերտերի վրա բարոյահոգեբանական իմաստով դա ծանր ազդեցություն ունի։ Այսպես հակասություններով, տարբեր հայտարարություններ անելով՝ սա կա՛մ նշանակում է իրավիճակին չտիրապետել, կա՛մ էլ որոշակի անհասկանալի ընդգծված միտումնավորություն տեսնել։ Ենթադրություններ չեմ կարող անել, բայց պետք է լինի որոշակի քաղաքականություն, եւ մեկ ամիս առաջ ու հետո այսպես հակասական հայտարարություններ չանել, եւ սա՝ ոչ միայն գերիների պարագայում, այլեւ՝ ընդհանրապես։ Եվ ամենաորոշակի բանը մեր ժամանակներում անհասկանալի անորոշությունն է»։

Շատերի կարծիքով, երբ իշխանությունն ուզում է այս կամ այն հարցում որեւէ զիջումների գնալ, քրեական գործեր է հարուցում ու կանալավորում նախեւառաջ հենց այսպիսի մարդկանց․ ինքը կապ տեսնո՞ւմ է սրա մեջ։ «Ես ենթադրություններ չեմ կարող անել, բոլոր վարկածներն էլ, սկսած քրեաիրավականից մինչեւ տարբեր վարկածներ, կյանքի իրավունք ունեն․․․»։

Թե ինչ ազդեցություն կունենա եւ ինչ արձագանք կգտնի իրենց հանրային քայլը Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոխելու հարցում, սրբազանը դժվարանում է ասել․ «Անկեղծորեն՝ չգիտեմ, մեր քայլը մարդասիրական քայլ է։ Մարդուն, որին ճանաչում ենք, վստահում ենք եւ վստահելու ենք, մնացածն արդեն մեր դաշտում չէ»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն