Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին. Հակոբ Արշակյանը՝ ռուս գործընկերներին
Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը, որն անցկացվել է առցանց ձեւաչափով:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական եւ ջերմ կապերը խոր արմատներ ունեն: Մեզ կապում են դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր կապերը, դաշնակցային եւ ռազմավարական գործընկերությունը. նշել է ԱԺ փոխնախագահը:
Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ հանձնաժողովը միջխորհրդարանական մակարդակում երկխոսության դինամիկ հարթակ է եւ հաջողությամբ լրացնում է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում փոխգործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի մանրամասն քննարկել խնդիրները, գտնել արդյունավետ լուծումներ եւ նախանշել կառուցողական գործակցության նոր ուղղությունները:
Խորհրդարանական փոխգործակցության ձեւաչափում Հակոբ Արշակյանն ընդգծել է միջազգային հարթակներում համագործակցության դերը: «Մենք գոհ ենք խորհրդարանականների փոխգործակցության մակարդակից այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհուրդը»,-նշել է ԱԺ փոխխոսնակը եւ հավելել, որ բազմակողմ հարթակներում համագործակցության ամբողջ ներուժը չի իրացվել:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Հակոբ Արշակյանը շեշտել է, որ այժմ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է: Նա անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռեւս չեն լուծվել: Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այս խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
«Մենք շնորհակալ ենք նաեւ ռուս խաղաղապահներին՝ խաղաղության եւ անվտանգության, ինչպես նաեւ հայկական կրոնական մշակութային ժառանգության հուշարձանների պահպանման հարցում գործադրած ջանքերի համար»,-ասել է Հակոբ Արշակյանը:
Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, բազմակողմ գործընկերության ամրապնդումը լիովին համապատասխանում են ժամանակի պահանջներին ու մեր պետությունների առջեւ ծառացած լայնածավալ խնդիրներին:
Եզրափակելով խոսքը՝ Հակոբ Արշակյանը նիստի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք:
Ողջույնի խոսքում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից է, երկու երկրներն արդյունավետ համագործակցում են միջխորհրդարանական տարբեր հարթակներում, հարաբերությունները դինամիկ զարգանում են մի շարք ոլորտներում:
2022 թ. լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակը, ինչը, ըստ Յուրի Վորոբյովի, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահի տեղակալը նշել է, որ խորհրդարանականները հետեւում են տարածաշրջանային իրադարձությունների զարգացմանը եւ կարծիք հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարեւոր նշանակություն:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակում պատգամավորները երկկողմ միջպետական երկխոսության ամրապնդման համատեքստում անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, դրանց հիմնական ուղղություններին ու հեռանկարներին: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը: Այս համատեքստում ընդգծվել են միջխորհրդարանական հարթակներում արգասաբեր համագործակցությունը, երկկողմ հումանիտար կապերը, միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը: Կարեւորվել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ երիտասարդական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Քննարկվել են երկկողմ հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Երկու երկրների կրթության եւ գիտության ոլորտների պատասխանատու փոխնախարարները ներկայացրել են այս հարցում իրականացվող քայլերը: Քննակման մասնակիցները բարձրացրել են ռուսալեզու ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի համալրման հարցը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը, թատերական փառատոնների անցկացումը:
Հանձնաժողովի նիստում որոշվել է աջակցել Երեւանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրմանը:
Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրեն տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետները:
Նիստի ավարտին հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում` հաջորդ տարի:
Նիստին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Politik.am