Ուկրաինան դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ
Ուկրաինան մայիսի 26-ին ժամը 00:00-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուկրաինան Ryanair ավիաընկերության չվերթի առնչությամբ միջադեպից հետո մայիսի 26-ից կարգելի իր ավիաընկերություններին և ինքնաթիռներին թռիչքներ իրականացնել Բելառուսի օդային տարածքում»,- մանրամասնել է պաշտոնյան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախօրեին Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո, փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ:
Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնել են, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:
Նյութի սկզբնաղբյուրը՝ Tert.am