Ալիևի և Փաշինյանի անմիջական երկխոսությունները ենթադրում են պայմավորվածություններ, որոնք չեն արձանագրվում փաստաթղթերում կամ միջնորդների հետ բանակցություններում. Տարասով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ու բանակցությունները՝ նախ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, այնուհետև Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, իսկ հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ, հիշեցնում են բազմաթիվ գործողություններով քաղաքական ներկայացում՝ մոդեռն ոճով: Այս մասին գրում է կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպումներին: Նրա խոսքով՝ «ամեն ինչ վերածվում է ինչ-որ շոուի, որտեղ հանկարծակի նոր դերասաններ են հայտնվում՝ երկրորդ կամ երրորդ պլան մղելով նախկին խաղացողներին, և սյուժետային գծի զարգացման ընթացքում բոլորը դառնում են քողարկված սցենարի պատանդներ»:
«Ինքներդ դատե՛ք. Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում բանակցություններ են վարել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ձևաչափում: Դրանից առաջ նրանք առանձին-առանձին հանդիպել են Միշելի հետ: Այնուհետև նրանք որոշ ժամանակ առանձնազրույց են ունեցել: Մի շարք նշաններով՝ ամեն ինչ պտտվում էր Հայաստանի համար ցավոտ թեմայի՝ հետհակամարտային կարգավորման՝ Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ, որը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք»: Սոչիում Ալիևի և Փաշինյանի միջև ծավալված հակասությունից հետո դժվար էր պատկերացնել, որ նրանք առաջ կշարժվեն: Բայց Բրյուսելում հանկարծ հայտնի դարձավ, որ կողմերը «կարողացել են համաձայնության գալ այդ հարցով և պատրաստ են անցնել երկաթուղային գծի վերականգնմանը»: Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է փորձագետների առաքելություն ստեղծել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին աջակցելու համար»,- գրում է կովկասագետը:
Ըստ Տարասովի՝ նույն ձևակերպումներն ավելի վաղ հրապարակել էր ՌԴ ԱԳՆ-ն՝ փորձելով մոտեցնել Բաքվի և Երևանի դիրքորոշումները, սակայն իր մասնակցությամբ: Այժմ խաղաղ գործընթացի նախաձեռնությունը մասնակիորեն անցել է Փարիզին: Պատահական չէ, որ Ալիև-Փաշինյան երկխոսությանը հանկարծակի միացել է Ֆրանսիայի նախագահը:
«Բրյուսելյան բանակցությունները, որոնք որակվում են որպես Սոչիի գործընթացի շարունակություն, այնուամենայնիվ, տարբեր արդյունքներ ունեն: Դրանցից մեկն այն է, որ Բաքվի և Երևանի թույլատվությամբ իրադարձությունների ընթացքին միացավ Փարիզը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամներից մեկը: Այժմ Ֆրանսիան կարող է Անդրկովկասում իրեն ներկայացնել որպես ազդեցիկ արտաքին խաղացողներից մեկը՝ ՌԴ-ի և Թուրքիայի կողքին: Այսինքն՝ անում է մի բան, որից նախկինում խուսափում էր: Եթե Մակրոնն առաջ միայն Հայաստանի վրա էր խաղադրույք անում, ապա այժմ նաև Ադրբեջանի՝ փորձելով շահել ադրբեջանցիների համակրանքը»,- կարծիք է հայտնում Տարասովը՝ նշելով, որ այդպիսով հնարավոր կլինի նաև ոչ միայն ներգրավվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրագործմանը, այլև որոշակի փոփոխությունների ենթարկել այն՝ ելնելով սեփական շահերից:
Հոդվածագիրը նկատում է, որ առաջ Բաքուն «նենգ դավադրություն» էր տեսնում Փարիզի գործողություններում՝ հօգուտ Երևանի, իսկ այժմ Ֆրանսիայի հետ մերձեցման քաղաքականություն է վարում:
Տարասովը ևս մեկ կարևոր պահ է առանձնացնում. բազմաժամանոց անմիջական երկխոսություններն Ալիևի և Փաշինյանի միջև ենթադրում են պայմանավորվածությունների ձեռք բերման գործոնը, որոնք չեն արձանագրվում փաստաթղթերում կամ միջնոդրների հետ բանակցություններում:
Մասնագետը, հաշվի առնելով նաև Սոչիում արված հայտարարությունը «սահմանազատման համար երկկողմ մարմնի» ստեղծման անհրաժեշտության մասին, ենթադրում է, որ Ալիևի և Փաշինյանի միջև կարող է գաղտնի բանավոր պայմանավորվածությունների մեխանիզմ գործել: Դա կարող է լուրջ մարտահրավերներ առաջ բերել, նախևառաջ, Հայաստանի համար, որը նախկինում միշտ պարտվել է Ադրբեջանին գաղտնի դիվանագիտության հարցում:
«Ալիևն ունի հստակ նպատակ, որի իրագործմանն էլ ձգտում է: Պատահական չէ, որ նա բրյուսելյան բանակցություններն անվանել է «արդյունավետ և գործնական»՝ հավելելով, որ «կարևոր է չկորցնել այս հնարավորությունն ու աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ»: Իսկ ի՞նչ նպատակներ ունի Հայաստանը պարտությունից հետո»,- եզրափակում է փորձագետը:
Tert.am