«Երկակի ստանդարտների տխրահռչակ իշխանությունը ոտնահարում է իրավական պետության հիմնարար սկզբունքները». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչները մի շարք համայնքներում իրենց պարտությունը փորձեցին ժողովրդավարության ձեռքբերում ներկայացնել: Քիչ ժամանակ անց, սակայն, վերընտրված ու իշխանությանը ոչ լոյալ ՏԻՄ ղեկավարներ են ձերբակալվում, կալանավորվում:
Իրավաբան, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ գործընթացներին, խոսել նաև մի շարք այլ հարցերի շուրջ:
«Ընդհանրապես, այս տխրահռչակ իշխանությունը երկակի ստանդարտների իշխանություն է. երբ որևէ երևույթ ու իրադարձություն իրենց անձնական շահերին ու նպատակահարմարությանն է առնչվում, իրենք դա որակում են լավագույն տերմիններով, հղում են կատարում ժողովրդավարության, իրավական պետության հիմնարար սկզբունքներին: Իսկ իրականում հիմա մեր պետության ներսում առերեսվել ենք իրավական անվտանգության լրջագույն սպառնալիքներին: Վերլուծենք իրադարձությունները նախ հետընտրական գործընթացների համատեքստում: Այդ շրջանում ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների և ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ եղան, այլև մի շարք հակաիրավական բնույթի գործեր հարուցվեցին: Անհեթեթությունների շարքն այդ ամենով չավարտվեց: Տեսանք, որ պատգամավոր հանդիսացող անձինք ուղղակիորեն հակասահմանադրական կերպով ազատազրկվեցին՝ առանց «Ազգային ժողովի կանոնակարգ», «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքներն ու Սահմանդրության տարրական ընթացակարգերը պահպանելու: Փառք Աստծո, ՍԴ-ն վերջերս իր համապատասխան որոշմամբ գնահատական տվեց, ու այդ մարդիկ ազատ արձակվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը:
Անդրադառնալով ավելի թարմ օրինակներին, խոսելով նաև մի շարք քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու որոշումների մասին՝ Գ. Մելոյանը շեշտեց, որ շատ դեպքերում կալանքը որպես պատժիչ գործիք է կիրառվում: «Նման իրավիճակ ունենք նաև վերընտրված համայնքապետերի առումով: Մինչ այժմ ազատազրկված է Առուշ Առուշանյանը, նախօրեին կալանավորվեց Մամիկոն Ասլանյանը: Ինչո՞ւ նշեցի երկակի ստանդարտների մասին, որովհետև ակներև է հետևյալը. եթե որևէ գործընթաց իրենց նպատակահարմարության ներքո է, խոսում են ժողովրդավարությունից, ժողովրդի կամքից ու ընտրությունից: Մինչդեռ այս դեպքում, երբ ժողովուրդն ուղղակիորեն իր կամքն է արտահայտել, այլ պատկեր ենք տեսնում: Ամբողջ վարչական լծակներն իրենց ձեռքում էին, ու դրանից ամեն կերպ օգտվում էին՝ կանխելու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ ՏԻՄ մարմիններում վերընտրվելու հնարավորությունը: Բայց անգամ այս պայմաններում հանրությունը իր վստահության քվեն էր տվել այդ անձանց: Եվ այն, ինչ այսօր իրականացվում է, ուղղակի հարված է իրավական պետության հիմնարար սկզբունքներին ու իրավական պետության ակունքներին: Իշխանությունը վաղուց վակխանալիայի իրավիճակ է ստեղծել, այսօր անարխիստ մթնոլորտ է: Իշխանություններին թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է, այլևս ոչ մի արգելքի ու ոչ մի կարմիր գծի առջև կանգ չեն առնում, չեն կաշկանդվում ոչ մի կարգավորմամբ: Սա լրջագույն վտանգ ու լրջագույն խնդիր է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ տարբեր իրադարձություններով ու գործընթացներով պայմանավորված՝ այս 3 տարում նման գնահատականներ կրկին հնչեցվել են «Ուղղակիորեն բռնապետության անցման մասին ևս շեշտել ենք, բայց իրավիճակը գնալով էլ ավելի է խորանում, ինչն առաջին հերթին ՀՀ-ի համար է վտանգավոր հետևանքներ ստեղծում:
Ուղղակիորեն հարված է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջին: Ինչքան էլ որ միջազգային հանրությունն ինչ- ինչ պայմաններից ելնելով անհամեմատ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում գործող իշխանության նկատմամբ, այնուամենայնիվ, իրենք ևս սկսել են իրենց գնահատականները տալ: Եթե անգամ մի շարք դեպքերում չեն բարձրաձայնում, այդ ամենն արձանագրվում է և, բնականաբար, ունենում է իր հետևանքը ՀՀ միջազգային վարկանիշի վրա: Հետհայացք նետենք ու տեսնենք, թե ինչ ունենք իրավական պետության այնպիսի հիմնարար սկզբունքների առումով, ինչպես իրավունքի գերակայությունն է, օրինականությունը, տեղեկատվության ազատությունը, նաև անձնական անձեռնմխելիությունը: Այս իրավունքները պարբերաբար ոտնահարվում են իշխող ուժի կողմից: Այսպես ասած, հին տերմինով ասեմ՝ «Հին Հայաստանից» կտակված իրավական պետության հայտնի սկզբունքները պարզապես թղթին մնացած ժառանգություն են դարձել: Ցավոք սրտի, ոչ ոք այլևս իրեն նեղություն չի տալիս կաշկանդվել այդ իրավական սկզբունքներով»:
Գոհար Մելոյանի հետ զրույցում ամփոփել ենք նաև միջազգային կառույցներում, դատարաններում ունեցած արդյունքները՝ կապված Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ:«Եթե խոսենք գերիների ու պատերազմական հանցագործությունների տիրույթի մասին, ապա այս ուղղությամբ լրջագույն գործընթացներ սկսվեցին այդ բնագավառում փորձառություն ունեցող մի շարք գործընկերների կողմից: Մի քանի իրավաբաններ, իրավապաշտպաններ գործընթաց սկսեցին ՄԻԵԴ-ում, միջազգային այլ կառույցներում: Այդուհանդերձ, ողբերգական էր այն իրավիճակը, երբ այդ աշխատանքին զուգահեռ պետական մարմիններից ոչ միայն աջակցություն չկար, այլև հակառակը՝ մի շարք պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով, գործողություններով ուղղակիոեն խանգարում էին գործընթացներին, երբ «սեղանին» դրված էին մեր հայրենակիցների ճակատագրերը»,-ասաց նա:
Գ. Մելոյանը հավելեց, որ, չնայած նոր գերեվարվածներ ունենալու փաստին, անհասկանալի պատճառով ՀՀ իշխանությունները վերադարձրել են ադրբեջանցի ռազմագերիներին:
«Իշխող ուժը փութաջանորեն ու անհասկանալի կերպով կատարում էր կապիտուլ յացիոն ակտի բոլոր պարտավորությունները: Մինչդեռ միակ քիչ թե շատ հայանպաստ կետը, որից կարող էր մեր պետությունն ու ազգը օգտվել, մեր անհետ կորածների ու ռազմագերիների վերադարձն էր բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել: Ու ոչ միայն տեղի չի ունեցել, այլև ականատես եղանք մի շարք հակառակ քայլերի: Մասնավորապես, նախընտրական քարոզչության շրջանում մանիպուլ յատիվ կերպով տարան գերիների հերոսացման գիծը, հիմա էլ գերիներին հանցագործ են ներկայացնում ու կալանավորում՝ կրկին առաջնորդվելով երկակի ստանդարտներով: Սա շատ վտանգավոր տեղ է տանում ու կարող է ծանր հետևանքներ ունենալ մեզ համար: Ինչո՞ւ, որովհետև մենք այժմ գտնվում ենք միջազգային կառույցների ուշադրության ներքո: Մի շարք գործընթացներ, վարույթներ կան՝ կապված պատերազմական հանցագործությունների հետ: Մեր փաստահավաք խումբն այդ կառույցներում փութաջան աշխատանք է կատարում, իսկ զուգահեռ իրականությունում հայկական կողմը հարվածում է հայկական կողմին: Սա անհասկանալի գործելաոճ է: Այս գործողություններից կարելի է մի հետևություն անել. ստացվում է իշխող ուժը մեր իսկ շահի դե՞մ է գործում»,-ասաց նա՝ շեշտելով, որ շատ ու շատ ճակատագրերի համար պատասխանատվություն կրող ուժը վերարտադրվելու իրավունք չուներ, սակայն ունենք այն, ինչ ունենք:
«Հանրությունն ուշի ուշով պետք է հետևի գործընթացներին, որովհետև իշխանությունը շփոթմունքի մեջ է: Մտածում են, որ իրենք իրենց միջավայրում են գտնվում ու կարող են անել այն, ինչ ուզում են, բայց իրենց այդ անելիքները հետևանքներ են թողնում հայոց պետականության գոյի, հայոց պատմության, ու, ընդհանրապես, ՀՀ դիրքի, հեղինակության ու հետագա ճակատագրի տեսանկյունից»,-եզրափակեց Գ. Մելոյանը:
168.am