Պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում, եւ դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողնման համար կրել են պատասխանատվություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Ես պատշաճ եմ համարել, որ նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, եւ այո, կրելով պատասխանատվություն, ներողություն եմ խնդրել: Եւ գիտեք, պիտի դա էլ մտնի մեր մշակույթի մեջ: Երբ որ կատարվում է ոչ պատշաճ բացթողում քո համակարգում, պիտի վերցնես քո վրա պատասխանատվություն: Հարկ եմ համարել ներողություն խնդիրել: Ես հարկ չեմ համարում հրաժարական տալ, որովհետեւ կարծում եմ, կա կոնկրետ անձի կողմից բացթողում, եւ իմ պատասխանատվութունն է դրա հետեւանքները ճիշտ օրենքի շրջանակներում իրականացնել», - ասել է նախարարի պաշտոնակատարը, պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչու նա հարկ չի համարում հրաժարական տալ եւ արդյոք կարծում է, որ միայն ներողություն խնդրելը բավական է:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել այն խնդրի շուրջ, որ պատերազմում զոհված զինծառայողների դիերը պահվում են ոչ պատշաճ պայմաններում՝ պարկերի մեջ, հատակին դրված։ Համապատասխան լուսանկարների հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը պարբերաբար պարզաբանումներով է հանդես գալիս ու ներկայացնում է մասունքների փորձաքննություններին վերաբերող տեղեկատվություն։



Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն