Մարդիկ մեր գրպանին համապատասխան տրամադրել են շենքը՝ ըմբռնումով մոտենալով, որ մշակութային օջախ է ստեղծվել. Ի՞նչ է առաջարկում մասնավոր նոր թատրոնը
«Թատրոն Կայարան». ահա այսպես է կոչվում նոր մասնավոր թատրոնը: Հիմնադիրները դերասաններ Արթուր Պետրոսյանն ու Կարապետ Քարաջյանն են: Սկզբնական շրջանում անձնակազմն աշխատելու է կամավորության սկզբունքով: Ներկայացումները լինելու են և՛ մանկական, և՛ կատակերգական, ինչպես նաև նախատեսված են լինելու մեծահասակների համար: Կլինեն նաև մյուզիքլներ:
«Մասնավոր թատրոն ստեղծելու գաղափարը 2018 թվականից է առաջացել, ուղղակի ժամանակ չկար, շատ ծանրաբեռնված էինք «Պետական կամերային երաժշտական թատրոն»-ում:
«Թատրոն Կայարան»-ը գործելու է Տիգրան Մեծ 80/1 հասցեում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ գտնվող մշակույթի նախկին տան շենքում։ Մարդիկ մեր գրպանին համապատասխան տրամադրել են շենքը՝ ըմբռնումով մոտենալով, որ մշակութային օջախ է ստեղծվել: Ունենք դերասանական խումբ, ընդհանուր սրահը սպասարկող խումբ՝ հսկիչներ: Արդեն ընթանում է փորձերի շրջանը»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց թատրոնի հիմնադիրներից Արթուր Պետրոսյանը:
Նա նշեց՝ շենքը հետագայում կդառնա մշակութային շարժուն օջախ:
«Կգան, կվարձակալեն, միջոցառումներ կանցկացնեն… մի խոսքով՝ խելքի կբերենք, թատրոն կստեղծենք: Շատ հարմարավետ չէ, բայց փորձում ենք հարմարավետ դարձնել: Թատրոնը տարբերվում է մյուսներից՝ օրինակ, զանգերով, նստարաններով: Վերջինները մի քիչ կայարան բառին համապատասխան են: «Թատրոն Կայարան» կոչվում է ոչ թե նրա համար, որ կայարանի կողքին ենք գտնվում, այլ մարզերից եկողները, երևանաբնակները, մեր հայրենակիցները մի պահ կանգ են առնում մշակութային օջախում, հոգևոր սնունդ են ստանում ու շարունակում են իրենց ճանապարհը, որովհետև բոլոր ուղղությունները սկսվում են կայարանից: Հետագայում կանգառներ կունենանք ՀՀ բոլոր մարզերում»,- հավելեց Արթուր Պետրոսյանը:
Հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են դերասանները և արդյո՞ք այլ թատրոններում աշխատում են, վերջինը պատասխանեց.
«Դերասանները ելույթավճարով հրավիրվում են: Միայն Պետական կամերային երաժշտական թատրոնից 2-3 հոգի կա. նրանք ևս տեղավորված են ուրիշ թատրոններում»:
Ինչ վերաբերում է տոմսերի գներին, ապա, մեր զրուցակցի փոխանցմամբ, դրանք մրցակցային են, 1000-3000 դրամ արժեն, և այստեղ կապ ունի, թե ինչ ներկայացում է և երբ է ներկայացվում:
«Տոնածառային ներկայացումներն ընդհանուր 1000 դրամ են: Մասնակցությունը շատ ակտիվ է: Այս տարվա տոնածառային ներկայացումները չափից շատ են, ու հիմա մրցակցային շատ պիկ վիճակում ենք գտնվում: Լինում են մարդիկ, ովքեր տոմսեր են գնում և նվիրում զոհվածների ընտանիքների երեխաներին: Օրինակ, որոշ ամերիկաբնակ բարերարներ մոտ 300 տոմս են գնել՝ բարեգործություն անելու համար: Գարնանը կունենանք ներկայացումներ և հստակ ռեպերտուար»,- հավելեց թատրոնի հիմնադիրը:
Հարցին՝ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի՝ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին միանալուց հետո ինքն անձամբ ո՞ր թատրոնում է աշխատում, Արթուր Պետրոսյանը նկատեց. «Ես տեղափոխվել եմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Հունվարից արդեն կսկսենք այնտեղ աշխատել»:
168.am