«No comment». Անդրանիկ Քոչարյանը՝ 2 ադրբեջանցի զինվորներին վերադարձնելու մասին
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է հայկական կողմը Ադրբեջանին վերադարձրել օրերս ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորներին, որոնք Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիվերսիոն փորձ են կատարել։ Սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանում պահվում են բազմաթիվ հայ ռազմագերիներ։
Ամբողջական հարցը լսելուց հետո Անդրանիկ Քոչարյանը կարճ պատասխան տվեց. «No comment»՝ առանց մեկնաբանության։
Երբ հարցը լրագրողները կրկին հնչեցրեցին, Անդրանիկ Քոչարյանը հորդորեց հարցը չշահարկել ու իրեն ուղղել այլ հարցեր։
«Ես պատասխանում եմ այն հարցերին, որոնք համարում եմ ճիշտ։ Դուք մոռանում եք, որ անվտանգային հարցեր են, պետք է պատրաստ լինեք ընդունելու նաև այսպիսի պատասխաններ»։
Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ ադրբեջանցի երկու գերիները չփոխանակվեցին հայ ռազմագերիների հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք, ի՞նչ է ստացվելու, նման հարցերը բաց քննարկման նյութ չեն, անցեք ուրիշ հարցերի»։
Ինչպես միշտ, այս անգամ էլ Անդրանիկ Քոչարյանը թիրախավորեց իր համար ոչ հաճելի հարցեր տվող լրագրողներին և ոչ միայն չպատասխանեց հարցին, այլև հրահանգեց հեռու տանել խոսափողը։
168.am