Ձեռք չի՞ տալիս, զենքս կարող եմ դնել, գնալ թոշակի․ Փաշիկ Ալավերդյան
Ճիշտ են ասում, որ դու մեղավոր չես, շատի ես սովորեցրել, ճիշտ են ասում: Ես ամեն մրցումներում բերում եմ չեմպիոններ, իսկ հիմա երկրորդ տեղը ոչնչությո՞ւն եք համարում, ճիշտ եք անում: Իսկ ինչի՞ չենք անում ռուսների նման, որ բերենք ընդամենը մեկ բրոնզե մեդալ: Մենք լա՞վն ենք ռուսներից կամ ուկրաինացիներից: Պետք է մարդիկ իրենց զավակների աշխատանքը ճիշտ գնահատեն: Այս մասին քիչ առաջ ամփոփելով տարին և Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության արդյունքները՝ ասաց Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
«Եթե սա ձեռք չի տալիս մեր ժողովրդին, ես կարող եմ զենքս դնել և գնալ թոշակի: Եթե ձեռք չի տալիս, ասեք սխալներս ուղղեմ։ Այս տարի, ինչպես և միշտ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայկական սպորտի գագաթնակետում է: Կարճ ասեմ, Հայաստանն ունի 185 մեդալ, որից 97-ը ծանրորդներինն է: Դա միայն աշխարհի, Եվրոպայի առաջնությունից ու ՕԽ-ից: Այստեղից գալիս ենք եզրակացության, թե ինչ գնահատական տանք ֆեդերացիայի աշխատանքին: Ոսկե մեդալների քանակը 38-ն է, որից երկամարտի գումարով՝ 28-ը: Այսինքն` 28 անգամ այլ պետություններին պարտադրել ենք մեր դրոշը բարձրացնել ու հիմնը լսել: Ուրիշ մարդ կա՞ Հայաստանում, որ կարող է դա անել 28 անգամ»,- ասաց Ալավերդյանը։
Հիշեցնեք՝ հայ երկրպագուներից շատերը ծանրամարտի վերջին աշխարհի առաջնությունից հետո քննադատության էին արժանացնում հայ ծանրորդներին՝ պնդելով, թե ավելի լավ արդյուքների էին սպասում։
Hraparak.am