Ելքը կանխորոշված էր. ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը՝ ռեկտորի թեկնածու չառաջադրվելու, «Ռեստարտին» և այլոց հայեցակարգ ուղարկելու, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և այլ հարցերի մասին
Լուսանկարը՝ Հետքի
Վերջերս ԵՊՀ-ում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն, որի արդյունքում ընտրվեց ռեկտորի միակ թեկնածուն՝ Հովհաննես Հովհաննիսյանը: Ռեկտորի ընտրության, այդ պաշտոնում չառաջադրվելու, ուսանողական խմբերի հետ համագործակցության, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանի հետ:
-Ինչո՞ւ չմասնակցեցիք ԵՊՀ ռեկտորի ընտրությանը։
-Ձևակերպեմ շատ կարճ՝ ես կեղծ օրակարգերին դեմ եմ։
-Այսինքն՝ ընտրության ելքը որոշվա՞ծ էր։
-Այո։ Ես չեմ համարում, որ ընտրություն, մրցույթ՝ որպես այդպիսին, եղել է։ Դիտարկել եմ կեղծ օրակարգ, իմիտացիոն գործընթաց։
-Այսինքն, եթե առաջադրվեիք, Ձեզ չէին ընտրելու:
-Ամեն ինչ արդեն կանխորոշված էր, կանխորոշված ելքով ընտրություն էր։ Եկեք «ընտրություն» բառն ընդհանրապես չգործածենք, որովհետև դասական նշանակում է եղել, այն էլ՝ Սահմանադրության և օրենքների խախտմամբ։ Եղել է նշանակում, որը քողարկվել է ռեկտորի ընտրության մրցույթով, դրա համար էլ ես այդ ամենը դիտարկում եմ իմիտացիոն գործընթաց և կեղծ օրակարգ։
-Դուք խոսում եք օրենսդրական խախտումների մասին, այդ դեպքում ի՞նչ եք նախաձեռնում այդ հարցով նաև որպես իրավագետ, թե՞ ընդունել եք, որ ռեկտորն ընտրված է և վերջ:
- ՍԴ-ում գործ է քննվում, ՄԻՊ-ն է դիմել, տեղյակ եմ, որ կան դատական գործընթացներ։ Դրանց վերջնարդյունքներից պարզ կլինեն։
-Դուք նշում եք, թե կանխորոշված էր ելքը, բայց ուսանողները միակ թեկնածուին դեմ քվեարկեցին, այսպես ասած՝ վատամարդ դուրս եկան և դեմ քվեարկեցին միակ թեկնածուին, որն ընտրվելու էր, գուցե Ձե՞ր օգտին կքվեարկեին։
-Գիտեք ինչ, ուսանողների հետ կապված խնդրում եմ ինձ հարցեր մի տվեք: Ես չգիտեմ՝ ուսանողներն ինչպես են քվեարկել, ինչ մոտիվացիայով են առաջնորդվել, տեղյակ չեմ, Դուք ինձ կոնկրետ ինձնից հարցեր տվեք:
-Շատ լավ, Ձեր մասով: Ճի՞շտ է, որ ուսանողների որոշակի հատված Ձեզ նախկինում դիմե՞լ է որպես գիտնական իրավաբան ՍԴ-ի վերաբերյալ դիրքորոշում հայտնեք, երբ ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումներ էին: Ինչո՞ւ չեք հայտնել Ձեր դիրքորոշումը` որպես իրավաբան։
-Բազմաթիվ դիրքորոշումներ հայտնել ենք, հրապարակային հանդես ենք եկել, նույնիսկ եզրակացություն ենք տվել, Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում էլ ենք քննարկել այդ հարցը։ Ես բազմիցս տարբեր հարթակներում ներկայացրել եմ այդ խախտումները, Սահմանադրությանը հակասելու դեպքերն ու դրվագները։ Շատ ծեծված թեմա, գիտեք: Բացի այդ, հիմա ռեկտորի ընտրություններից հետո եք այս հարցերը տալիս, իսկ մինչև ընտրությունները ես ասել եմ, որ կեղծ օրակարգ է, ինձնից հարցազրույց վերցրել են և տարբեր հարթակներում հստակ վերլուծություն տրվել է, որ ռեկտորի ընտրությունները հակասահմանադրական են: Մինչև այդ էլ, երբ օրենքի նախագիծն էին քննարկում, այդ մասով էլի եզրակացությունը տրվել է, և որպես անհատական կարծիք, որը շրջանառության մեջ էր դրվել, և մեր ֆակուլտետի եզրակացությունը: Նույնիսկ Մենուա Հարությունյանը, որ դիմել էր դատարան, այդ մասով էլ է հստակ վերլուծություն տրվել: Անձնական կարծիքն եմ ներկայացրել, և մեր ֆակուլտետն է ներկայացրել իր որոշումը՝ գիտխորհրդի որոշմամբ։
-Դուք «Ռեստարտ»-ի հետ հանդիպե՞լ եք, ասե՞լ եք՝ ռեկտոր ընտրվելու հարցում Ձեզ աջակցեն, կա՛մ չխանգարեն ռեկտոր ընտրվել, կա՛մ աջակցեն Ձեզ:
-Իհարկե ոչ։ Բայց հարցն էլ հարց չի էլի, «Ռեստարտ»-ի հետ համագործակցել:
-Ինչո՞ւ, ակտիվ ուսանողական խումբ էին:
-Ժամանակին, երբ ստեղծվել էր ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը, բոլոր շահագրգիռ խմբերին՝ և՛ Ուսանողական խորհրդին, և՛ նախարարությանը, և՛ «Ռեստարտ»-ին, այդ ժամանակ ակտիվ էր, ուղարկվել է բարեփոխումների հայեցակարգը, որ կարծիք ներկայացվեն։
-Այսինքն գրավո՞ր է ուղարկվել և ակնկալվել է կարծիք:
- Ոչ մեկը կարծիք չի տվել, ոչ ոք:
-2019-2020 թվականների ընթացքում հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Ձեր թեկնածությունն առաջադրվի որպես ԵՊՀ ռեկտոր։ Եվ, գուցե մասնավոր է Ձեր զրույցը, կասե՞ք հրապարակման ենթակա մասը, թե ինչ է ասել, ինչու Դուք չառաջադրվեցիք:
-Որպես ռեկտորի թեկնածու՝ ես քաղաքական իշխանության ներկայացուցիչների ․․․ քաղաքական իշխանության կողմից եղել են տարբեր առաջարկներ, որոնք իմ կողմից մերժվել են։ Նկատի ունեմ՝ իրավական և այլ պաշտոններում առաջադրվելու առաջարկներ։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից եղել են առաջարկներ՝ զբաղեցնելու տարբեր պաշտոններ, առաջադրվելու տարբեր պաշտոններում, որոնք ես մերժել եմ։ Ի նկատի ունեմ իրավական և այլ պաշտոններում առաջադրվելու համար:
-Իսկ ինչո՞ւ եք մերժել:
-Մերժել եմ, և վերջ:
-Այսինքն՝ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպե՞լ եք, ես հստակ չհասկացա:
-Ես Ձեր այդ հարցին պատասխանեցի հետևյալ կերպ. քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից եղել են առաջարկներ տարբեր պաշտոններ զբաղեցնել, առաջադրվելու տարբեր պաշտոններում, որոնք ես մերժել եմ: Ընդ որում, դա գաղտնիք չի եղել, և այդ հարցերը շատ լայն շրջանակներում քննարկվել են, թե ինչու եմ մերժել այդ բոլոր առաջարկները և ինչ նկատառումներից ելնելով։
Tert.am