Բա ամո՞թ չի, պարոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության 5-րդ շարասյունը կամ գնացքի վագոնները հետևից հրող ուժ։ Նա հերիք չի՝ քաղաքական բոլոր հնարավոր օրակարգերով «տակից» սպասարկում է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը՝ բացահայտ տարանջատվելով գործող ընդդիմադիր ուժերից, հիմա էլ որոշել է «լրագրող-հաղորդավարի» կարգավիճակով նույն գործն անել։
Մարուքյանը՝ կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր ու ֆրակցիայի ղեկավար, ԵԽԽՎ-ում ելույթ ունեցած տղա, մտել է Հ1, որը մեր հարկերի հաշվին Նիկոլի իշխանությունը քարոզող լրատվամիջոց է, և եսիմ ում հետ նստած՝ քաղաքական բամբասանքով է զբաղված։
Պարզվում է՝ Հ1-ում որոշել են ինչ-որ հաղորդում բացել, անունը դնել «Քաղաքական շաբաթօրյակ» ու չորս հոգով սեղանի շուրջ նստած` սրա-նրա ֆեյսբուքյան գրառումները քննարկել։ Քննարկելը ո՞րն է՝ ասել, խոսել, ուրախանալ՝ մի քիչ հեգնել, մի քիչ ղժժալ «ֆեյսբուքիստ-հրապարակախոսների» վրա, մի քիչ ձեռք առնել․․․
Այդ չորս հոգուց մեկը «Կենտրոնից» Հ1 արտագաղթած Պետրոսն է` Ղազարյան, մյուսը Բաբաջանյան Արմանի կայքի լրագրող Գոհարը, երրորդն անհասկանալի կողմնորոշման ու արժեհամակարգի կրող դերասան Յոժը՝ Սերգեյ Դանիելյան, չորրորդն էլ դե՝ Մարուքյանն է։
Փաստորեն, ռուսական Պերիսխիլտոնի հայկական տարբերակն են մտածել մեծ հայ երգիծաբաններով։
Ու Մարուքյանը բացարձակապես չի ամաչում այս անձանց հետ նույն սեղանի շուրջ նստելուց ու Հ1-ով քաղաքական բամբասանքի մասնակցելուց։ Որ Պետրոսն էլ ինչ ասի, իրենք չորսով ծափ տան։ Հետո էլ, որ մարդիկ իրեն ու «Լուսավորին» մեղադրում են Նիկոլի իշխանությանը ծառայելու, նրան սպասարկելու, կեղծ ընդդիմություն խաղալու մեջ, պարոն Մարուքյանը նեղանում է, թե ե՞ս եմ կեղծ ընդդիմադիր, բա ՀՀԿ-ն, բա ԲՀԿ-ն, բա Քոչարյանենք։ Իրենք էլ, իհարկե, մեր սրտի ընդդիմությունը չեն, բայց գոնե բացահայտ չեն ծառայում, չեն գնում Նիկոլ Փաշինյանի անձնական հեռուստաընկերությունով այդ նույն Փաշինյանին քծնող ու սպասարկող հաղորդավարների հետ հաղորդում վարում ու ընդդիմադիր մյուս գործիչների վրա «փոստեր» բռնում։
Hraparak.am