Որտեղ հաց, ընդեղ կաց
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին: Ի դեպ, ներկայացուցիչը պետության անունից հանդես եկող եւ նրա հանձնարարությամբ գործող կամ շահերը ներկայացնող պաշտոնական անձ է: Իսկ 31 տարեկան, «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս Ռուբինյանը դիվանագիտության (խորհրդարանական) ասպարեզում հայտնի է դարձել ԵԽԽՎ-ում սխալ կոճակ սեղմելով (իր խոստովանությամբ): Թուրքիայի ներկայացուցիչը 63-ամյա, 37 տարվա դիվանագիտական ստաժով (վերջին պաշտոնը՝ 2014-2021 թթ. դեսպան ԱՄՆ-ում) Սերդար Քըլըչն է:
Թեթեւ կենսագրական տեղեկանքից էլ պարզ է, որ «բանակցային ռինգում» հանդիպելու են գերծանր եւ թեթեւ քաշային կարգի մասնակիցներ: Եվ ես զարմանում եմ ոչ թե Փաշինյան Նիկոլի, այլ Ռեջեփ Էրդողանի մտածողության վրա: Բացատրեմ՝ չնայած Սերդար Քըլըչն ավելի վաղ էր նշանակվել, քան իր հայաստանյան գործընկերը, բայց թուրքերը պետք է իմանային, չէ՞, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վստահելի կադրային բազայի մակարդակը: Եվ կարիք կա՞ր, արդյոք, ծանր թուրքական տեղը թեթեւացնել՝ կոճակների տեղը շփոթող երիտասարդի դեմ նշանակելով լուրջ դիվանագետի: Կարծում եմ, որ Սերդարի փոխարեն կարելի է նշանակել որեւէ երիտասարդ դիվանագետի: Եթե Նիկոլը լսեր խորհուրդս, ապա Ռուբենի փոխարեն նշանակել կտայի իր եղբոր տղային կամ էլ աներձագին: Իսկ եթե ավելի լուրջ՝ անգլերեն վարժ խոսող որեւէ ուսանողի: Որովհետեւ ով էլ լիներ իր ներկայացուցիչը, պետք է ստորագրի՝ ինչ էլ դեմը դնեն: Թե՞ կարծում եք, որ Ռուբենն ինչ-որ հարցերի շուրջ է բանակցելու մեկի հետ, ով հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ եւ անցյալ տարվա պատերազմի ժամանակ իր երկրի եւ Ադրբեջանի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությամբ:
Բայց թուրքական կողմին ես հասկանում եմ. պատրաստվում են հայ-թուրքական հարաբերություններում պատմական լուրջ առաջընթաց ապահովել: Եվ այդ պատճառով էլ ընտրել են լուրջ դիվանագետի: Մի տեղ կարդացի, որ Ռուբենի խորհրդատուն լինելու է Ժիրայր Լիպարիտյանը՝ ՀՀ առաջին նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդականը: Որքան ծանոթ եմ վերջինիս հայացքներին, այսուհետ հայ եւ թուրք (Թուրքիայի) ժողովուրդների միջեւ հաստատվելու է բարիդրացիություն: Մենք կմոռանանք, որ 1915 թվականին ցեղասպանվել է մեր ժողովրդի մի մեծ հատված, մոռանալու ենք, որ կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մեծ մասը, իսկ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես կդադարեն մեզ թշնամի համարելուց: Եվ կյանքի կկոչվի թե՛ Լիպարիտյանի եւ թե՛ Փաշինյանի երազանքը: Ու մեր երկիրը կլցվի թուրքական կապիտալով, ու մենք կապրենք բարեկեցիկ եւ երջանիկ կյանքով: Ոչինչ, որ կվերածվենք հիշողությունն ու արժանապատվությունը կորցրած մանկուրտների: Իսկ հետո ամբողջությամբ կկորցնենք պետականությունը: Կարեւորը ստամոքսն է, չէ՞, «հարգելի» հայրենակիցներ… Իզո՞ւր ենք ասում՝ որտեղ հաց, ընդեղ կաց…
Hraparak.am