Էդմոն Մարուքյանը նոր աշխատանք ունի․ Փաշինյանի սրտի շոումենը
Նիկոլ Փաշինյանն իր սրտի ընդդիմադիրներին անգործ չի թողնում։ Վերջին շրջանում իշխանությանը սպասարկող ամենաակտիվ «ընդդիամդիր» դերում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարությանն ու իր կուսակիցներն իրենց ակտիվ քաղաքականության հիմնական գործառույթն են դարձրել իրական ընդդիմադիրներին, Փաշինյանի իշխանության դեմ անհաշտ պայքար մղող քաղաքական ուժերին թիրախավորելը։ Մարուքյանի ելույթներն այնքան իշխանահաճո են, որ անգամ Փաշինյանի աջակիցների համար է կարծես տհաճ նման քծնանքը։ Մարուքյանի տեքստերը շատ չեն տարբերվում իր թոռներին հանուն Փաշինյանի զոհելու պատրաստ գավառցի հայտնի կնոջ տեքստերից։
Շաբաթներ առաջ մամուլում լուրեր հայտնվեցին, որ Փաշինյանը որոշել է ՄԻՊ պաշտոնով վարձահատույց լինել Էդմոն Մարուքյանին, բայց օրերս պարզվեց, որ այդ պաշտոնում իշխող թիմն այլ մարդու է տեսնում։ Փաշինյանն ամենայն հավանականությամբ համարել է, որ ՄԻՊ պաշտոնը շատ լուրջ է Էդմոն Մարուքյանի տրամաչափի գործչի համար։
Իշխանությունները կարծես ի վերջո որոշել են Մարուքյանի համար առավել սազական աշխատանք առաջարկել։ Երեկ հայտնի դարձավ, որ Էդմոն Մարուքյանը՝ Պետրոս Ղազարյանի, Սերգեյ Դանիելյանի և Գոհար Հայրապետյանի հետ Հանրային հեռուստաընկերությամբ քաղաքական հումորային-«վերլուծական» շոու են վարելու։ Առաջին թողարկումն արդեն իսկ եթեր է գնացել ու ինչպես և սպասելի էր, այն Մարուքյանի նոր «փեշակի» տրամաբանության շրջանակում է՝ շոուի ընթացքում թիրախավորվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թևերը, իսկ իշխանության երեսը լվացվում է ցինիզմով և երեսպաշտությամբ։
Այս շոուն կարելի է համարել Էդմոն Մարուքյան քաղաքական գործչի ավարտ։ Հիմա մենք գործ ունենք շոումեն Մարուքյանի հետ։
Politik.am