Զավեշտալի իրավիճակ. «ով է» այս պահին Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը և՛ պաշտոնակատար է, և՛ ոչ: Հունիսի 7-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար գտնվում է արձակուրդում՝ մինչեւ հունիսի 18-ը ներառյալ, եւ նրան արձակուրդում գտնվելու ժամանակ պետք է փոխարինի Տիգրան Ավինյանը: Մի քանի օր թերեւս այդպես էր, վարչապետի որոշումներ բաժնում Տիգրան Ավինյանի անունն էր՝ որպես ԺՊ. կառավարության նիստը եւս նա էր վարում:
Սակայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական primeminister կայքում հունիսի 10-ի ամսաթվով մի հաղորդագրություն է տեղադրված, որում նշվում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը»:
Նկատենք՝ տեքստի մեջ վարչապետի պաշտոնակատար է ներկայացված, սակայն փաստ է՝ նա արձակուրդում է, եւ ի պաշտոնե նրանց պետք է ընդուներ Ավինյանը:
Իսկ, ահա, մյուս զավեշտալի իրավիճակն այն է, որ այս պատվիրակությանը ընդունել են նաեւ ԱԳՆ-ում, սակայն այդ կառույցում ո՛չ նախարար ունենք, ո՛չ պաշտոնակատար, եւ դա է պատճառը, որ նշված է՝ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում՝ առանց կոնկրետացնելու, թե ում հետ»: