Դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ անցկացրեց և անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, և փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետ։

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով այս գործընթացներին, ասաց, որ սա երկրի մասին առհասարակ չմտածելու գործելաոճ է, «խոսուն թայֆայություն»։

«Սա ոչ թե նոր սկսված գործընթաց է, այլ վաղուց է այդ ամենի հիմքը դրվել։ Կարելի է  ասել, որ իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս հետո այդ գործընթացը սկսվել է, այսինքն՝ եթե ունեիր այլ կարծիք, ապա հետապնդվում էիր մի ամբողջ զոմբիամտածողության անդամների կողմից։ Եթե դու մնում ես այն առաքելությանը, որով եկել ես, ապա այդ խմբի համար դառնում ես «չուժոյ», օտար ես այլևս։ Այս գործընթացը միայն Հայկ Մարությանի նկատմամբ չի եղել, շատերի հետ է եղել, պարզապես մեկը բարձրաձայնել է, մյուսը՝ ոչ։

Եթե հիշում եք, գործընթացներ կային ինձ հետ կապված, ժամանակ առ ժամանակ մանդատի հետ կապված խնդիրներ էին առաջանում և այլն։ Այսինքն՝ եթե մինչև հեղափոխությունը դեմ ես եղել Ամուլսարի շահագործմանը, դեմ ես եղել հազարավոր գործընթացների և հեղափոխությունից հետո պահում ես քո դիրքորոշումը և շարունակում ես դրան դեմ լինել, ապա սա իրենք ընկալում են այնպես, որ իրենց դեմ ես ու հակահեղափոխական ես»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ նրա,  իշխանության սկսած այս գործընթացում Հայկ Մարությանը հերթականն էր, քանի որ հեղափոխությունից մի քանի ամիս անց, երբ նորեկ իշխանությունները կայունացան՝ սկսեցին այդ գործընթացը, որը դեռ շարունակվելու է։

Խոսելով Հայկ Մարությանի կոշտ հայտարարության և դրան հաջորդած Ալեն Սիմոնյանի հայտնի պատասխան–գրառման մասին, և հարցին՝ հարի՞ր էր խորհրդարանական երկրի խորհրդարանի նախագահին նման պատասխան հնչեցնել նախկին թիմակցի հասցեին, Սոֆյա Հովսեփյանը հարցով պատասխանեց.

«Ուզում եմ հարց տալ՝ առհասարակ Ալեն Սիմոնյան երևույթի՝ խորհրդարանի ղեկավար լինելը հարի՞ր է որևէ ազգության։ Սրանից հետո միայն կարող ենք խոսել, թե հարիր էր այդ խոսակցությունն ԱԺ նախագահին։ Եթե մենք հանդուրժել ենք այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանն այսօր համարվում է ԱԺ նախագահ, ապա այդ ժողովրդին նրա ցանկացած վարքագիծ հարիր է։ Երկրի ղեկավարի որակը սա է, ի՞նչ էիք սպասում։ Երեկ Հայկ Մարությանը մի այսպիսի արտահայտություն արեց,  ասաց՝ տղերք, երկիրը Ֆեյսբուքով չեն ղեկավարում։ Իրենք Ֆեյսբուքով են ղեկավարում, իրենք տեղյակ չեն, թե գյուղում ու քաղաքում մարդիկ ինչպես են ապրում։ Իրենք տեղյակ էլ չեն, որ այդ մարդկանց շնորհիվ են ընտրվել։ Իրենք ընդամենը էժան «բազարների» մարդիկ են, և այդ շուկայից դուրս, խոսքից անընդհատ կառչած մարդու որակը իրավունք չունի ԱԺ նախագահ լինել»։

Նա անդրադարձավ նաև Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմանը, ըստ որի՝ ԱԺ բոլոր պատգամավորները և աշխատակազմը ստանալու են պարգևավճարներ։

Նա նշեց, որ այսօր հազարավոր արցախցիներ մնացել են անօթևան, հազարավոր զինծառայողներ չեն կարողանում պետպատվերի շրջանակներում բուժվել, 44-օրյա պատերազմում հազարավոր հիվանդություններ ձեռք բերած տղաների համար չկա առողջապահության ապահովագրության բյուջե, հարյուրավոր գյուղեր այսօր դարձել են սահմանամերձ, և եթե այս ամենը ժողովուրդը հանդուրժում է, ապա տեղին է պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացումն ու պարգևավճարների տրամադրումը։

«Եթե այս ամենին ժողովուրդը անտարբեր է, ապա Ալեն Սիմոնյանը շատ մեղմ է վարվում։ Բարոյականության սահմանն իրենք վաղուց են անցել, արդյո՞ք սա տեղին է, ժողովուրդը պետք է ասի, ժողովուրդն է թույլ տվել, որ ալենսիմոնյանները պետք է նման ձևով վարվեն։ Այո, նա պետք է պարգևատրի, պետք է 2 մլն դրամ աշխատավարձ ստանան, պիտի թոշակառուն սոված մնա, ինչո՞ւ, որովհետև նրանք են թույլ տվել»,- ընդգծեց նա։

Միաժամանակ Ս․ Հովսեփյանը տեղեկացրեց, որ պատգամավոր եղած ժամանակ ինքը երբևէ պարգևավճար չի ստացել, այդ գումարով գյուղերի դպրոցների դասասենյակներ է վերանորոգել, պատուհաններ փոխել, որոշակի բաներ բանակի համար է արել։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն