ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը քննադատել է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի Baltops զորավարժություններում ամերիկյան B-52H ռմբակոծիչի օգտագործումը: Հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Պենտագոնի կողմից Baltops-ում B-52H օգտագործումը, որը կարող է միջուկային զենք կրել մանևրելու ժամանակ, հերթական սադրանքն է: Զենքով նման աղմուկ հանելն ուժեղացնում է լարվածությունը Եվրոպայում»,- Twitter-ում գրել է ՌԴ դիվանագիտական առաքելությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նման գործողությունները «գորշացնում են մթնոլորտը» հունիսի 16-ին Ժնևում Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման նախօրեին: Դեսպանությունը Միացյալ Նահանգներին կոչ է արել հիմնովին վերանայել աշխարհամասում անվտանգության ապահովման իր մոտեցումները և դադարեցնել վտանգավոր գործունեությունը Ռուսաստանի սահմանների մոտ:

Հունիսի 6-ից 18-ը Բալթիկ ծովում անցկացվող Baltops-2021 զորավարժությունները 50-րդ անգամ են տեղի ունենում: Դրան մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրներ, ինչպես նաև Շվեդիան և Ֆինլանդիան: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավված են չորս հազար զինծառայող, քառասուն նավ, վաթսուն ինքնաթիռ և ուղղաթիռ: Տարբեր գործողություններ են իրականացվում, այդ թվում ՝ հակասուզանավային և հակահրթիռային սցենարներ և հակաօդային պաշտպանություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն