«Հրապարակ». Հաղորդում հանցագործության մասին
Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Արցախի իրավապահների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ անցած տարվա կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո մինչեւ նոյեմբերի 25-ը Արցախի 3 էլեկտրաբաշխիչ կայաններն «անհետացել» են։ Խոսքը Բերձորի, Աղավնոյի եւ Դադիվանքի տարածքում գտնվող կայանների մասին է։ Նա կարծում է, որ սրանով են պայմանավորված Արցախում վերջին շրջանի հովհարային անջատումները։ Նա օրերս այցելել է գլխավոր դատախազություն, հետաքրքրվել՝ արդյոք զբաղվո՞ւմ են այդ մասշտաբային թալանով։ Նրան պատասխանել են, որ այդ փաստով չկա հայտարարություն, եւ իրենք չեն կարող գործ հարուցել ու զբաղվել։
«Հիմա ես հայտարարում եմ այդ մասին եւ հրավիրում դատախազության ուշադրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Գալստյանը։ Նրա խոսքով՝ ըստ օդում կախված լուրերի, այդ կայանները տեղափոխվել են Հայաստան, ապա՝ Վրաստան։ «Մինչդեռ դրանցից գոնե մեկը կարող էին Ստեփանակերտ տեղափոխել, որ նման խնդիր արցախցին այսօր չունենար։ Երբ մեր խմբակցությունն ասում է, որ թալանով են զբաղված, հենց սրա մասին է ասվում։ Փոխանակ պատկան մարմինները մտածեին՝ ժամանակին տասնյակ միլիոնների հասնող պատմամշակութային ժառանգությունը հանեին Շուշիից եւ այլ վայրերից, այլ գործով են զբաղվել»,- եզրակացնում է պատգամավորը։
Hraparak.am