Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում անդրադարձավ Արցախի բանակցային գործընթացին, վերջերս Սյունիքի մարզում գերեվարված երկու ադրբեջանցի զինվորներին առանց նախապայմանների Ադրբեջանին վերադարձնելուն, նաև բարձրաձայնեց ու պաշտպանեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների շահերն ու իրավունքները։

Այս համատեքստում նա ասաց, թե բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Միաժամանակ վստահեցրեց, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել «աղետ», և հենց այդ համատեքստը նկատի ունի, որը մի շերտանի չէ, և ԼՂ ինքնավար մարզը երբեք չի դիտարկվել բանակցային բովանդակություն՝ որպես զուտ հայկական միավորում։

2 ադրբեջանցի գերիներին էլ Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ ասաց, թե առանց նախապայմանների են նրանց վերադարձրել, քանի որ չեն ուզեցել տպավորություն ստեղծել, թե մարդկանց սակարկություններով են զբաղված։

168.am–ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին, մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերաբերյալ, ասաց, որ այստեղ կա այն ենթատեքստը, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ ցանկանում է բանակցային գործընթացն աղավաղել և ընդհանուր հայկական շահից չխոսել։

«Նիկոլ Փաշինյանն իր պատասխաններում ուղղակի ներկայացնում էր կտրված հատվածներ՝ թիրախավորելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ բանակցային գործընթացում։ Այստեղ վտանգավորն այն է, որ նախ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի ներկայացրածի, տպավորություն է ստեղծվում, որ, օրինակ, Ստեփանակերտում ու Շուշիում հավասարաչափ, կամ ըստ նրա, ավելի շատ Ադրբեջանի քաղաքացիներ են ապրել, քան հայեր։ Սակայն իրականում, մարդահամարի տվյալներով՝ այդպես չէ։ Այդ նույն տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը պետք է նշեր, որ Բաքվում ու Սումգայիթում էլ են հայեր ապրել, և ԼՂ հակամարտության հետևանքով, ինչպես ադրբեջանցիներն են դուրս եկել Ստեփանակերտից և այլ վայրերից, այնպես էլ հայերն են դուրս եկել Բաքվից, Սումգայիթից։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից տպավորությունն այն է, որ առաջնահերթ պետք է դրվի ադրբեջանցիների շահը»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Փորձագետի խոսքով՝ հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի պնդումներում, թե՝ հայերի հետ ադրբեջանցիներն էլ պետք է մասնակցեին հանրաքվեի, կա իրավագիտակցության բացառիկ անգրագիտության ընդգծում։

Մասնավորապես՝ եթե նույն տրամաբանությամբ ադրբեջանցիները պետք է մասնակցեին Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին, ապա պարզ է, որ եթե, օրինակ, ադրբեջանցիները դեմ քվեարկեին Արցախի անկախությանը՝ դեմ քվեարկելով՝ նրանք պաշտպանելու էին իրենց իրավունքները։

«Նիկոլ Փաշինյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս, աղավաղելով ամբողջ իրականությունը և բանակցային գործընթացը՝ ծառայում է թուրքական շահին։ Նա փորձում է փաստերն այնպես ներկայացնել, որ իբր նախկինում բանակցային գործընթացում հայկական շահը որևէ կերպ չի ներկայացվել։ Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, հոկտեմբերի 7-ին Ալիևն անձամբ էր հայտարարել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այն, ինչը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ ուղղակի բանակցային ֆորմատից կտրված հատված էր, ամբողջ բանակցային ֆորմատն ունի շղթայաձև տրամաբանություն, այսինքն՝ եթե խոսում է հանրաքվեից, պետք է խոսի, օրինակ, փախստականների վերադարձից, եթե Ալիևը պնդում է, որ ինքն ունի «փախստականներ», հայ փախստականների հարցը նաև հայկական կողմից է եղել՝ Բաքու կամ Սումգայիթ վերադառնալու տրամաբանությամբ։ Գուցե Նիկոլ Փաշինյանին սովորեցրել են, թե ինչպես կիրառի ադրբեջանական թեզերը, որովհետև որպես փորձագետ՝ ամեն օր ադրբեջանական սոցիալական և մեդիադաշտը ենթարկելով մոնիտորինգի, հստակ երևում է, որ այն թեզերը, որոնք Ադրբեջանը 30 տարի փորձում էր փաթաթել ՀՀ իշխանությունների վզին, հիմա բանեցնում են ու փաթաթում Նիկոլ Փաշինյանի վզին, որը մեծ հաճույքով դա ընդունում է»,- հավելեց Գառնիկ Դավթյանը։

Շարունակելով միտքը, մեր զրուցակիցը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը փաստերի մանիպուլյացիայով փորձում է արժեզրկել Հայաստանի և հայ ժողովրդի շահը Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում։

Միաժամանակ նա նշեց, որ առհասարակ չի ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն, քանի որ «նրանից հեռու չէ ստերով առաջնորդվելը»։

«Նա այսօր փորձում է Ալիևի հետ փակ դռների հետևում ունեցած հանդիպումների արդյունքում առաջ մղել ադրբեջանական շահը։ Այս ամենի վկայությունն այն է, որ առաջնահերթություն չի տրվում արցախահայության անվտանգությանն ու ապագան որոշելու նրա կարողությանը, այլ առաջնահերթությունը տալիս է Ադրբեջանին՝ հաշվի է առնում ադրբեջանցիների շահը, մինչդեռ Ալիևը հաշվի է առնում միայն ադրբեջանական շահը։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ Փաշինյանի թիրախը ոչ թե այն է, որ հայն ապրի Արցախում, այլ այնպես անի, որ հայն առհասարակ իրեն Արցախում անվտանգ չզգա»,- շեշտեց Գ. Դավթյանը։

Անդրադառնալով 2 ադրբեջանցի գերիներին առանց պայմանների Ադրբեջանին հանձնելու դեպքին, այն դեպքում, երբ Ադրբեջանում պահվում են բազմաթիվ հայ ռազմագերիներ, փորձագետն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց է հրաժարվել գերիների խնդրից և առհասարակ նրանց հայրենիք վերադարձնելուց։

«2 ադրբեջանցին վերադարձնելը խոսում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։ Կարծում եմ՝Ադրբեջանը բավականին լուրջ փաստեր ունի Փաշինյանի ոչ հայկական դիրքորոշումների մասով և կարողանում է այդ ամենը շահարկելով՝ հասնել իր նպատակին։ Եթե գիտի, որ Ադրբեջանում գերի ունի, ու 2 ադրբեջանցու առանց նախապայմանների հանձնում է, ուրեմն՝ կասկած կա, որը կարող է լինել նաև սովորական քաղաքացու մոտ, որ դա կոմպրոմատների առկայությունն է, որոնք Ալիևն ունի Փաշինյանի նկատմամբ»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն